Թուրքիան ՀՀ-ի բերանին մի մատ մեղր է քսել, բերել է իր ուզած դիրքի և իր ցանկություններն է իրականացնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

e5f79ad4-e53b-4fc6-ad50-9b0668a13e55 (1).jpg

Թուրքիան արդեն սկսել է Հայաստանին համոզել, ներքաշել ինչ-որ բաների մեջ, Հայաստանի բերանին մի մատ մեղր է սկսել քսել։ Այս մասին 24News-ին ասաց Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարություններին։

Երեկ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ եթե Հայաստանը կատարի իր պարտավորություններն Ադրբեջանի հետ ստորագրված համաձայնագրերին համապատասխան, ապա կդառնա տարածաշրջանի կարևոր դերակատարներից մեկը։

Ըստ նրա՝ հսկայական ներդրումներ են կատարվել՝ Կասպից ծովի տարածաշրջանով անցնող Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի իրականացման նպատակով անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու համար։ «Նախագծին մասնակցում են Կենտրոնական Ասիայի երկրները, Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը, եթե Հայաստանը կատարի Ադրբեջանի հետ ստորագրված համաձայնագրերը, կարող է մասնակցել այս նախագծին», - ասել էր Թուրքիայի արտգործնախարարը։ Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի խոսքերով, իհարկե, Թուրքիայի համար Հայաստանը չի կարող ունենալ ավելի լավ վիճակ, քան այսօր ունի։ «Թուրքիան ուզում է ասել, որ «եթե իմ ուզածներն անես, իմ ասած ճանապարհով գնաս, քեզ համար լավ կլինի, եթե չէ, վատ կլինի քեզ համար»։

Դա է թուրքերի մեսիջը։ Այսինքն՝ իրենք բերել են Հայաստանն իրենց ուզած դիրքին, ուզում են իրենց ցանկությունները վերջնական կատարած լինել», - ընդգծեց Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենը։ Ըստ նրա՝ հիմա Չավուշօղլուն շատ անորոշ բաներ է ասում, բայց Թուրքիան նախկինում՝ թե՛ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, թե՛ մեկ ուրիշների օրոք, թե՛ վերջին տարիներին, ամենն ասել է ավելի հստակ ձևով. Հայաստանը պետք է լսող երեխայի պես պահի իրեն, «Հայաստանը ոչ միայն Ղարաբաղը պետք է հանձնի, այլ նաև իր տարածքներից որոշները պետք է հանձնի»։ «Չնայած որ մեր ղեկավարությունն ասում է՝ միջանցք չկա, ճանապարհ կա, թուրքերը «ճանապարհ» չեն ասում։ Միջանցքի մասին որ նշում են, դա նշանակում է Հայաստանից տարածք։ Իսկ եթե միջանցք ստանան, դրանով չեն բավարարվելու։

Առաջին մեսիջն Էրդողանը տվեց, երբ հայտարարեց՝ «Մեղրիով ճանապարհը մեզ բավարար չէ, նաև ուրիշ ճանապարհ ենք ուզում, ուրիշ միջանցք ենք ուզում»։ Այսօր իրենք բացահայտ ասում են, որ ոչ թե ինչ-որ ճանապարհ, այլ տարածք, տարածաշրջան են ուզում, աչքները Սյունիքի վրա դրած է։ Եվ չմոռանանք ի հայտ եկած քարտեզները, որոնցում Սյունիքը, Սևանի ամբողջ արևելյան ափը որպես իրենց տարածք է ցույց տրվում։ Չմոռանանք նաև, որ մոտ 1 շաբաթ առաջ երկու հոգի «Գյոյչա-Զանգեզուր հանրապետությունը» հռչակեցին Ստամբուլում իշխանությունների թույլտվությամբ։ Սրանք բոլորն իրար կապված խնդիրներ են։

Այդ առումով պետք է նայել սրան, սրանք են իրենց ցանկությունները։ Թուրքիան Հայաստանին վերաբերվում է որպես երեխայի՝ «եթե իմ ասածներն անես, ճաշն ուտես, քեզ լավ կլինի, եթե չէ, ծեծ կուտես»։ Այս մոտեցումն է մոտավորապես», - եզրափակեց Տիրան Լոքմագյոզյանը։

--00—ԶՀ