Երևանը կհյուրընկալի ՎԶԵԲ-ի 2024 թվականի տարեկան ժողովը և բիզնես ֆորումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

1136780

Երևանը գալիք շաբաթ կհյուրընկալի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Միասին ազդեցություն թողնենք» խորագիրը կրող 33-րդ տարեկան ժողովը և բիզնես ֆորումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումն իր տեսակի մեջ լինելու է ամենամեծը Հայաստանում և այն կընդունի ավելի քան 2000 միջազգային մասնակցի, իսկ  միջոցառման անցկացման վայրի ընտրությունը ցույց է տալիս ՎԶԵԲ-ի շարունակական աջակցությունը երկրին և կովկասյան տարածաշրջանին։  

Եռօրյա հանդիպումը բացվելու է մայիսի 14-ին, որին կմասնակցեն կառավարության պաշտոնյաներ, ֆինանսական և կորպորատիվ ղեկավարներ, ձեռներեցներ, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ՝ ՎԶԵԲ-ի կողմից սպասարկվող տարբեր տարածաշրջաններից:  

Երևանի օպերային թատրոնում մայիսի 15-ին սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Կառավարիչների խորհրդի բացման նիստում։ Բացման խոսքով հանդես կգան Կառավարիչների խորհրդի փոխնախագահ Գինտարե Սկայստեն, Լիտվայի ֆինանսների նախարարը և ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն։

Կառավարիչները մայիսի 16-ին կընտրեն նախագահ, որը կգլխավորի Բանկն առաջիկա չորս տարիների ընթացքում: Տիկին Ռենո-Բասոն առաջին անգամ ընտրվել է այդ պաշտոնում Բանկի 2020 թվականի տարեկան ժողովում, և նրա պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին:

Նշվում է, որ Կառավարիչները նաև կսկսեն դիտարկել Բանկի հաջորդ «ճանապարհային քարտեզը»՝ Ռազմավարական և կապիտալի շրջանակը, որը կսահմանի իր առաջնահերթությունները 2026-30 թվականների համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ