Արցախում դրամահավաք կկազմակերպվի Սիրիայի հայկական համայնքի համար․ ԱՀ կառավարության որոշում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

1

Արցախում դրամահավաք կկազմակերպվի Սիրիայի հայկական համայնքին օգնություն ցուցաբերելու համար։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:

«Սիրիայի Հանրապետությունում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժը պատճառ դարձավ մարդկային կորուստների ու ավերածությունների, որոնցից զգալիորեն տուժեց նաև տեղի հայ համայնքը: Աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցների հայացքն այժմ ուղղված է երկրաշարժի հետևանքով ծանր կացության մեջ հայտնված Սիրիայի հայկական համայնքին:

Չնայած շրջափակման ծանր պայմաններին` Արցախի Կառավարությունը համագործակցելով Հայ օգնության միության Արցախի մասնաճյուղի հետ որոշում է կայացրել միանալ համահայկական օժանդակության աշխատանքներին՝ կազմակերպելով դրամահավաք: Զորակցություն հայտնելով Սիրիայում ապրող մեր քույրերին ու եղբայրներին՝ կոչ ենք անում Արցախում ապրող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել դրամահավաքին և օգնության ձեռք մեկնել բնական աղետից տուժած մեր հայրենակիցներին:

Միայն մեր համազգային ամուր միասնականությամբ ու միմյանց սատար կանգնելու անկեղծ ջանքերով է հնարավոր հաղթահարել ինչպես բնության արհավիրքները, այնպես էլ՝ արհեստածին մարտահրավերները։

Ձեր նվիրատվությունները ՀՀ դրամով կարող եք կատարել «Արցախբանկ»-ում բացված հաշվեհամարին՝ 22300100156701»,-նշված է հայտարարությունում։

--00—ԼՄ