Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ այս ծանր պահին բարեկամական մոտեցում ցուցաբերելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

329746464_847056813065234_5720191582070198569_n

Իմ պաշտոնական հրավերով խորհրդարանում այսօր հյուրընկալեցի Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Նորա Արիսյանին և հյուպատոս՝ երրորդ քարտուղար պրն. Ահմադ Հասսան Ալատհբային։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։

«Գործընկերներիս խորին ցավակցություն հայտնեցի Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժերի անդառնալի հետևանքների կապակցությամբ։ 

Դժբախտ պատահարների հետևանքով Սիրիայում առաջ են եկել հումանիտար լրջագույն խնդիրներ. կան 1000-ից ավելի զոհեր, 100-ավոր վիրավորներ, ճակատագիրն անհայտ քաղաքացիներ և անտուն մնացած մարդիկ։ Ուսումնական հաստատությունները, մանկապարտեզները չեն գործում, Էլեկտրականությունը բացակայում է, շտապօգնության մեքենաների, բժշկական սարքավորումների պակաս կա։

Տիկին Արիսյանից հետաքրքրվեցի Սիրիայի մեր հայրենակիցների ճակատագրի վերաբերյալ. նախնական տվյալներով ցավոք արդեն իսկ ունենք 2 զոհ, իսկ անտուն մնացած սիրիահայերը ապաստանել են հայկական եկեղեցիներում և միության սրահներում։

Դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետությանը՝ այս ծանր պահին Սիրիայի ժողովրդին բարեկամական մոտեցում ցուցաբերելու համար։

Գործընկերներիս հայտնեցի պատրաստակամություն՝ օգտագործել բոլոր հնարավոր լծակները՝ աջակցելու ծանր հումանիտար իրավիճակում հայտնված Սիրիային։

Դեսպանը տեղեկացրեց, որ ՀՀ-ում Սիրիայի դեսպանատանը բացվել է սգո հուշամատյան, իրականացվում է դրամահավաք՝ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներին օգնելու համար։

Սիրիայի բարեկամ ժողովրդին բոլորիս կողմից ցուցաբերված դրամական աջակցությունը կնպաստի հումանիտար իրավիճակի բարելավմանը»։

--00—ՅՄ