Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում․ պարեկները, վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել են վեճի 4 մասնակցի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

կրակոց

Դեկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմանում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 33/1 շենքի բակում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունենում, գրում է shamshyan.com-ը։

Դեպքի մասով իրավապահները տեղեկություն են ստացել, որ 10 հոգի նշված փողոցում վիճելիս է եղել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։  Նույն պահին ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները մոտեցել են նշված վայրին դալանի կողմից, իսկ նույն վաշտի պարեկները մեկ այլ վայրից են մոտենում նշված հասցե, որտեղ էլ նկատում են, որ մի խումբ անձինք վազում են, իսկ նրանց հետևից մի քաղաքացի՝ ատրճանակով զինված, կրակոցներ օդ արձակելով, հետապնդում է նրանց։

Պարեկները, վտանգելով իրենց կյանքը, մոտենում են այդ քաղաքացուն և հրահանգում, որպեսզի նա ցած դնի ատրճանակը և ներկայանա իրավապահներին։ Այդ քաղաքացին տեսնելով, որ չի կարող այլևս ճողոպրել, զենքը ցած է դնում, որից հետո պարեկները նրան և ևս 3 հոգու կարողանում են բռնել ու տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին։ 

Պարեկները սահմանազատել են նշված տարածքը, որտեղ էլ հայտնաբերվել է «Բերետա» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 11 փամփուշտով, կրակված 1 հատ գնդակ, 4 հատ պարկուճ։

Կենտրոնի ոստիկանները հայտնաբերում են նաև նշված շենքի 4-րդ հարկի եվրոպատուհանի վրա կրակոցի հետք, բնակարանում էլ հայտնաբերվում է կրակված գնդակը։ 

Աղբյուրը նաև հայտնում է, որ վեճը տեղի է ունեցել Փարպեցի փողոցի 26 շենքի բակում, որն այնուհետև շարունակվել է Մաշտոցի պողոտայի նշված հասցեում։

Պարեկների կողմից ոստիկանություն տեղափոխված անձինք Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Դավիթ Չ․-ն է, 17-ամյա Տիգրան Չ․-ն է, 35-ամյա Վահան Գ․-ն է և 38-ամյա Սիմոն Հ-ն։

Դեպքի փաստով՝ խուլիգանություն հատկանիշներով  նախաձեռնվել է քրեական վարույթ։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ըստ աղբյուրի՝ հանցագործության գործիք-ատրճանակը Դավիթ Չ․-ին է պարգևատրել Արցախի Հանրապետության նախագահը։

--00—ԼՄ