Վեճ՝ դիմակ չկրելու համար. քաղաքացին ձերբակալվել է բռնություն գործադրելու կասկածով

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 6, 24News

դիմակ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2020 թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ծառայողները, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում ծառայություն իրականացնելիս, կանգնեցրել են «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան՝ պարետի՝ 2020 թվականի մայիսի 14-ի՝ համավարակի կանխարգելմանն ուղղված թիվ 74 որոշման 5-րդ մասի պահանջերը խախտելու, այն է՝ ավտոմեքենայով որպես ուղևոր երթևեկելիս պաշտպանիչ դիմակ չկրելու կապակցությամբ:

Նշված ավտոմեքենայի ուղևորը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դուրս է եկել ավտոմեքենայից, վիճաբանել ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների հետ և խաթարել իշխանության ներկայացուցիչների ծառայողական գործունեությունը. չի ենթարկվել ծառայությանը չխոչընդոտելու և հանդարտվելու՝ ոստիկանների օրինական պահանջին, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ձեռքերով հարվածներ է հասցրել նրանց և քաշքշելով պոկել է համազգեստի վերնաշապկի կոճակները՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելով:

Դեպքի առթիվ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում: Ոստիկաններից երեքը ճանաչվել են տուժող:

Քննությամբ պարզվել է ոստիկանների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած քաղաքացու ինքնությունը, որը Ստեփանավան քաղաքի բնակիչ է: Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանավանի բաժին, հարցաքննվել դեպքի շուրջ և նույն օրը ձերբակալվել՝ ոստիկանների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու կասկածանքով:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրության և հագուստների զննություններ, առգրավումներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

--00—ԼՄ