Թշնամու արձակած արկերի բեկորները Լճավանի տներին շատ մոտ են տարածվել․ «Արմենպրես»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով թշնամական արկերը պայթել են նաեւ Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղի հարավային թեւում, իսկ արկերի բեկորները տարածվել են տներին շատ մոտիկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Լճավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Նորիկ Գեւորգյանը, բարեբախտաբար, արկերի բեկորները մարդկանց կամ շինություններին վնասներ չեն պատճառել։

«Թշնամու արկերը խփել են մոտակա ժայռին, պայթել, եւ բեկորները տարածվել են Լճավանի տներին շատ մոտիկ։ Այդ բեկորները բազմաթիվ են, որոնք նաեւ ճնշող տպավորություն են թողնում մարդկանց վրա։ Դժվարանում եմ ասել, թե կոնկրետ ինչ զենքից են կրակել, որ տասնյակ կիլոմետրեր հեռվից այդ արկերը հասել են մեր գյուղի սահմաններ, սակայն զինվորական մասնագետները կարող են զննության արդյունքում բացահայտել այդ զինատեսակը։ Արկերի շատ բեկորներ հավաքել է մեր համագյուղացի Մարտիկ Հովհաննիսյանը եւ պահում է իր տանը՝ որպես փաստացի ապացույց Լճավան եւ Մաքենիս գյուղերի արկակոծման»,-ներկայացրել է Նորիկ Գեւորգյանը։

--00—ԼՄ