Հայաստանի հետ համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ են ընթանում․ Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

5024259.thumb_.jpg

Սեպտեմբերի 5-ին Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը։ Մևլութ Չավուշօղլուն և Քեթրին Կոլոննան համատեղ մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում Չավուշօլուն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացներին. գրում է ermenihaber-ը։

Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ աշխատանքային ընթրիքի ժամանակ պատրաստվում է իր ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացնել Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության մասին։

Շեշտել է, որ ղարաբաղյան վերջին պատերազմից ու Ադրբեջանի հաղթանակից հետո կովկասյան տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության կարևոր հնարավորություն է ստեղծվել և դրա համար անհրաժեշտ է բոլորի աջակցությունը։

«Թե՛ Թուրքիայի ու Հայաստանի և թե՛ Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկխոսություն է ընթանում, աշխատանքները շարունակվում են։ Մասնավորապես համապարփակ խաղաղության պայմանագրի համար բանակցություններ են ընթանում։ Անհրաժեշտ է, որ այս ամենին աջակցենք»,- ասել է Չավուշօղլուն։

Ֆրանսիայի արտգործնախարարն էլ դրական է արձագանքել թուրք գործընկերոջ դիտարկումներին՝ ասելով.  «Տարածաշրջանում շատ լավ, դրական միջավայր է ձևավորվում։ Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունն ավելանում է։ Իսկ դա շատ դրական է»։

--00—ԶՀ