Աշտարակում մարտական նռնակով զինված տղամարդը սպառնում է պայթեցնել այն

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 16, 24News

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 21:50-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ՝ մարտական նռնակով զինված, մտել է Աշտարակ քաղաքում հայտնի «Ծիրան» սուպերմարկետ և մուտքի մոտ սպառնում է նռնակը պայթեցնել:  

Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային բաժանմունքի ծառայողները՝ քաղաքացիների անվտանգությունից ելնելով, սահմանազատել են տարածքը, այդ ընթացքում էլ մարզի ոստիկանապետի գլխավորությամբ բանակցություններ են սկսվել այդ տղամարդու հետ:   Որոշ ժամանակ անց այդ տղամարդը մարտական նռնակով տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, սակայն նռնակի օղակը դեռևս վնասազերծված չէ: 

Այս պահին նրա հետ ոստիկանների բանակցությունները շարունակվում են, իսկ նա պահանջ է ներկայացրել՝ ասելով. «Եթե երեխաներիս չտեսնեմ, նռնակը գործի եմ դնելու»:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը, ով ամուսնալուծված է, պահանջում է, որ նախկին կինը թույլատրի, որ ինքը տեսակցի իր երեխաներին:  

--00--ԶՀ