Արցախի կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներն անթույլատրելի են․ ԱՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

․

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին Մարտակերտ քաղաքում հանդիպում է ունեցել շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ։

Արցախի նախագահը շեշտել է, որ անընդունելի է համարում Արցախի կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները։

«Մենք հասկանում ենք, որ պետք է ապրենք հարեւանությամբ, բայց ենթակայությունը հնարավոր չէ, դա անթույլատրելի է։ Տարբերակը, որով մենք պետք է առաջնորդվենք՝ ստատուս քվոն պահպանելն է, ինչպես ռուսներն են ասում։ Ռուս խաղաղապահ ուժերը շարունակելու են մնալ այստեղ անժամկետ, քանի որ նրանք եկել են այստեղ որպես Արցախում ապրող հայ բնակչության անվտանգության երաշխավոր»,- ասել է նա։

«Շարունակել ապրել այստեղ՝ ունենալով դե ֆակտո անկախություն, ձգտելով դե յուրե հետագա փոփոխության, դա կարող է լինել անկախություն, դա կարող է լինել Հայաստանի հետ միացում, որը քիչ հավանական եմ համարում, բայց դա կարող է լինել նաեւ Ռուսաստանի հետ ինչ–որ հարաբերություններ ուղղակի ուղղահայացի շրջանակներում»,– հավելել է Արցախի նախագահը։

--0--ԱՀ