ՔԿՀ-ներում ՊՇՌ հետազոտությունն իրականացվում է կալանավորված անձանց ֆինանսական միջոցների հաշվին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

 

տռռեգտեռգ

Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված և պատիժ կրող անձանց կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման և ՊՇՌ հետազոտության գործընթացը կազմակերպելու նպատակով, ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության» մասին օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով, քրեակատարողական հիմնարկների պետերին հանձնարարել է՝

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված և պատիժ կրող բոլոր անձանց իրազեկել.

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 20-ի N 52-Ն որոշման 15.2-րդ կետի պահանջների համաձայն՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արգելվում են տեսակցու­թյուն­ները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի), եթե ազատությունից զրկված անձը և նրան տեսակցող անձը համապատասխան պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն՝ սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստումը չեն ստացել կամ մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ պատվաստվելուց հետո չի լրացել 28 օրը (4 շաբաթ), իսկ մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը ստանալուց հետո չի լրացել 14 օրը: Սահմանված սահմանափակումը չի տարածվում տեսակցող և տեսակցվող՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող անձանց, հղիների, մինչև 18 տարեկան անձանց, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ունեցող անձանց, նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածների (ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում) նկատմամբ:

բ) ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված և պատիժ կրող բոլոր անձանց պատվաստումներն իրականացվում են քրեակատարողական հիմնարկի սահմաններում՝ վերջիններիս ցանկության դեպքում և լիովին անվճար հիմունքներով:

գ) ՊՇՌ հետազոտությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի սահմաններում՝ կալանավորված և պատիժ կրող անձանց կամ նրանց հարազատների ֆինանսական միջոցների հաշվին: Անվճար ՊՇՌ հետազոտություն իրականացվում է բացառապես բժշկական ցուցման առկայության դեպքում:

Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված և պատիժ կրող, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման և/կամ ՊՇՌ հետազոտություն անցնելու ցանկություն ունեցող բոլոր անձանց ցուցակագրել (ՊՇՌ հետազոտություն անցնելու դեպքում՝ ըստ տեսակցության օրերի) և տրամադրել ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումներին՝ վերջիններիս կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված և պատիժ կրող անձանց կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման և/կամ ՊՇՌ հետազոտության գործընթացը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի սահմաններում կազմակերպելու նպատակով:

Սույն ցուցումի 1-ին և 2-րդ կետերով նշված գործողություններն իրականացնել մինչ 2022 թվականի փետրվարի 3-ը՝ ժամը 18.00-ն, իսկ կատարված աշխատանքների և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման և ՊՇՌ հետազոտություն անցնելու ցանկություն հայտնած անձանց թվաքանակի մասին համառոտ տեղեկատվությունն ուղարկել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին:

Սույն ցուցումի 2-րդ կետով նախատեսված գործողություններն իրականացնել նաև 2022 թվականի փետրվարի 3-ից հետո՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման և/կամ ՊՇՌ հետազոտություն անցնելու ցանկություն հայտնող, քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված և պատիժ կրող անձանց շրջանում:

Սույն ցուցումի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գործողություններն իրականացնել նաև 2022թ-ի փետրվարի 3-ից հետո քրեակատարողական հիմնարկ ընդունվող կալանավորված և պատիժ կրող անձանց շրջանում:

--00--ՍԳ