Պատերազմի հետևանքով զոհերի թիվը նախաքննական գաղտնիք է. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Պատերազմ

ՀՀ Առողջապահության նախարարությունը պատերազմական գործողությունների հետեւանքով զինծառայողների և քաղաքացիական անձանց մահվան թիվը նախաքննական գաղտնիք է համարում։ Ավելին, նախաքննական գաղտնիք է նաեւ ԴՆԹ փորձաքննության ենթակա աճյունների, մասունքների թիվը։

«Փաստինֆո»-ն դեկտեմբերի 21-ին հարցմամբ դիմել է նախարարություն ու փորձել տեղեկանալ՝ թե քանի՞ մարմին և մասունք է ներկայումս պահվում ԱՆ դատաբժշկական կենտրոններում ու քանիսի՞ ինքնությունը չի հաջողվում պարզել։

Դեռևս ամիսներ առաջ նախարարը հայտարարել էր, թե կան հարազատներ, որոնց մարմիններն ու մասունքների ԴՆԹ փորձաքննությունները չեն ճանաչում։ Կայքից հետաքրքրվել են ՝ քանի՞ հարազատ է այս պահին հրաժարվում ընդունել պատասխանները։

Նախարարությունից նաև փորձել են տեղեկանալ, թե 44 օրյա պատերազմի ընթացքում քանի՞ զինծառայողի մարմնից ու մասունքից է փորձաքննություն իրականացվել։

Քանի՞սն են նույնականացվել։ Քանի՞ կրկնափորձաքննություն է իրականացվել։ Նաև՝ քանի՞ մարմնից ու մասունքից այս պահին ԴՆԹ չի հաջողվում անջատել։

Արդյոք եղել են դեպքեր, երբ կրկնակի ԴՆԹ փորձաքննության համար մարմինները կամ մասունքները փորձաքննություն են անցել արտերկրում։

Խնդրել էին հայտնել նաեւ, թե քանի՞ զինծառայողի համար է տրվել մահվան վկայական։

Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ հարցմանը չեն կարող պատասխանել, քանի որ դրանք համարվում են նախաքննական գաղտնիք։

«ՀՀ-ում և Արցախի հանրապետությունում պատերազմական գործողությունների արդյունքում զոհված յուրքանչյուր զինծառայողների և քաղաքացիական անձանց մահվան, աճյունների և դիակների պահպանման փաստերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել են քրեական գործեր և կատարվում է նախաքննություն, հետևաբար հարցմանն հարցադրումների վերաբերյալ տեղեկատվություն չենք կարող տրամադրել, քանի որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն հանդիսանում է նախաքննական գաղտնիք։ Նշված հարցման տեղեկատվության վերաբերյալ հարցադրումները այսուհետ պետք է ուղղեք վարույթն իրականացնող մարմին ՝ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է ԱՆ պատասխանում։

Հավելենք, որ նույն օրը՝ դեկտեմբերի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Վարդանյանը լրատվական կայքերից մեկին պատասխանել էր 2020 թ-ի Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից մեկ տարի անց դատաբժշկական փորձագիտական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում պահվող զոհված 108 զինծառայողների փորձաքննությունների մասին, իսկ արդեն դեկտեմբերի 27-ին «Փաստինֆո»-ին ՔԿ-ից հայտնել էին, որ դատաբժշկական փորձագիտական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում պահվող մասունքների և աճյունների ոչ պատշաճ պայմաններում պահելու փաստի առթիվ քրեական գործը կարճվել է։

Ակներեւ է, որ առողջապահության նախարարությունը խախտել է տեղեկատվության ազատության մասին օրենքի պահանջները ու մերժել հանրային մեծ նշանակության տեղեկատվության տրամադրումը՝ դրանով իսկ ի ցույց դնելով, թե որքան է նահանջել հասարակության առաջ հաշվետու լինելու պարտավորությունից։

--00--ԱԹ