Ընտրություններից հետո մենք մտանք դժոխքի նոր շրջան ու դուրս չեկանք խոր ճգնաժամից. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսի ժամանակ, նշել է.

«Մենք ապրում ենք մի շրջանում, երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով քննություն ենք հանձնում պատմության և սերունդների առաջ: Մեր երկրների միլիոնավոր քաղաքացիներ պայքարում են կյանքի իրենց իրավունքի համար, մեր պետական համակարգերը պարտավոր են դեմքով շրջվել դեպի քաղաքացիները և ապացուցել իրենց արդյունավետությունը:

Ցավոք, այս իրավիճակում ոչ բոլոր երկրների ժողովուրդներին են բաժին հասել պատասխանատու, կոմպետենտ և արդյունավետ ղեկավարներ: Նախքան համավարակը աշխարհի շատ երկրներ, այդ թվում` Հայաստանը, պատել էր մեկ այլ ծայրահեղ վտանգավոր վարակ` պոպուլիզմը: Ես սա նշում եմ մեծ ցավով, քանի որ իմ երկիրը մինչ օրս կրում է դիլետանտ-պոպուլիստների ապաշնորհ կառավարման ծանր հետևանքները, կորոնավիրուսը մեզ բաժին հասած միակ փորձությունը չէր:

Նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին մենք Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակման ենթարկվեցինք. այդ հարձակմանն ուղղակիորեն և անթաքույց աջակցում էին Թուրքիան ու Մերձավոր Արևելքից վարձկաններ: Պատերազմը, որտեղ կիրառվում էին միջացգային իրավունքով արգելված զինատեսակներ, ողբերգական հետևանքներ ունեցավ իմ ժողովրդի համար` հազարավոր երիտասարդների կյանքեր խլելով, անապաստան թողնելով տասնյակ հազարներին, թշնամական գերության մեջ հայտնվեցին մեր հարյուրավոր հայրենակիցներ, նրանց մեծ մասին Ադրբեջանը մինչ օրս` պատերազմից ավելի քան մեկ տարի անց, պահում է անազատության մեջ ու կտտանքների ենթարկում Բաքվի բանտերում:

Օգտվելով Հայաստանում գործող թուլակամ ու ամբոխավար իշխանությունների վարքից, ինչպես նաև արտաքին շահագրգիռ ուժերի թողտվությունից, այն ուժերի, որ հայտնի տեխնոլոգիաների կիրառմամբ երեք տարի առաջ որոշակի նպատակներով օգնեցին նրանց` գալ իշխանության, Ադրբեջանն այսօր ոտնձգություն է իրականացնում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, ահաբեկում է սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչներին, զինված բախումներ հրահրում և գերի վերցնում նոր զինվորների:

Հայաստանը դարձել է երկիր, որի օրինակով քաղաքագիտությունը կարող է ուսումնասիրել անգրագետ պոպուլիստների կառավարման կործանարար հետևանքները: Բանակն ու դիվանագիտական կորպուսը, որ երեք տարվա ընթացքում այս ամբոխավար ռեժիմի կողմից կազմաքանդվեցին, չկարողացան դիմակայել ադրբեջանական ագրեսիային: Եվս մեկ անգամ հաստատում եմ, որ սա ոչ թե մեր ժողովրդի պարտությունն է, այլ հանցավոր ու անպատասխանատու դեմագոգների»:

Ելույթն ամբողջությամբ` տեսանյութում:

--00--ԱԹ

Տեսանյութեր