Գործող իշխանությունների մեծ քարը՝ կրթական համակարգի վրա. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30,  24 News

․

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Իր պաշտոնավարման ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանն ամեն առիթով շեշտել է կրթության կարևորությունը, բայց այդ հայտարարություններն այդպես էլ ելույթներից ու ճառերից այն կողմ չեն անցել։ Ավելին՝ այս իշխանության օրոք միշտ անտեսվել ու անտեսվում են կրթական ցենզը, գիտելիքների պաշարը և պրոֆեսիոնալիզմը։

Ու ընդհանրապես, իշխանության քարոզչության մեխը եղել է ոչ թե կրթության ու գիտության զարգացման խրախուսումը, այլ հասարակությունը տարբեր բևեռների բաժանելը, հայհոյախոսությունը, ատելությունը և ֆեյսբուքյան մանիպուլ յացիաները՝ երկար-բարակ լայվերի ու անբովանդակ գրառումների տեսքով։

Նախ՝ արձանագրենք, որ պետության համար ամենաառանցքային պաշտոններում Փաշինյանի կողմից ի սկզբանե նշանակվեցին մարդիկ, որոնց գիտելիքների պաշարը ու մասնագիտական որակները մեծապես հարցականի տակ են։ Սա՝ շատ մեղմ ասած: Այդ մարդկանց ամենակարևոր «արժանիքը» Գյումրիից քայլելով Երևան հասնելն ու ճանապարհներ փակելն էր։

Գաղտնիք չէ, որ Փաշինյանին արհեստավարժ, մտածող պաշտոնյաներ պետք չեն, այլ այնպիսիք, որոնք ընդամենը կամակատարի գործառույթ կիրականացնեն։ Հիմա երիտասարդները տեսնում են, որ կրթությունը չի արժևորվում, բարձր պաշտոնների են նշանակվում, նույնիսկ վարչապետ են դառնում մարդիկ, ովքեր չունեն համապատասխան մասնագիտական-կրթական որակներ, արդյունքում իրենք ևս կորցնում են սովորելու նկատմամբ մոտիվացիան։

Մեկ այլ լուրջ հարց է այն, որ Փաշինյանն ընդհանրապես թյուր կարծիք ունի կրթության և գիտության նկատմամբ։ Ըստ այդմ, նա առավելապես կարևորում է տեխնիկական մասնագիտությունները, որոնց միջոցով, ըստ նրա, պետք է հնարավոր դառնա Հայաստանում հաղթահարել աղքատությունը, իսկ հումանիտար մասնագիտություններն անտեսում է՝ դրանց մասնագետներին համարելով «թամադաներ»։ Այս ամենի արդյունքում է, որ հայագիտական առարկաները, որոնք էական նշանակություն ունեն հայության արժեհամակարգի պահպանության, պետականաշինության և պետական մտածելակերպի ձևավորման գործում, ուղղակիորեն հայտնվեցին իշխանությունների թիրախում, դրանց կարևորությունը կրթական համակարգում նվազեց։ Կարճ ասած՝ իբր կրթական համակարգում վիճակը բարվոք էր, քպականներն այն ավելի խայտառակ իրադրության մեջ գցեցին։

Բայց այս հանգամանքը չէր խանգարում, որ Փաշինյանը կազմի Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ձևական ռազմավարությունը և դրանում ռազմավարական նպատակ հռչակի կրթությունն ազգային ապրելակերպ դարձնելը։ Սակայն կրթությունը ռազմավարական նպատակ հռչակելը գործող իշխանությունների դեպքում ավելի շատ սարկազմի ժանրից է թվում։ Թերևս նրանց համար պատվի հարց է, որ իշխանական պաշտոնյաները՝ անկախ կրթությունից ու պաշտոններում գրանցած արդյունքներից, աստղաբաշխական պարգևավճարներ ստանան, իսկ կրթության ոլորտի մասնագետները՝ ուսուցիչները և դասախոսները, բավարարվեն չնչին աշխատավարձով։ Պատերազմից հետո էլ իշխանությունները փորձում են ֆոն ստեղծել, թե իրենց մեծապես հուզում է կրթության հարցը։ Ու հիմա հանրության աչքերին թոզ փչելու համար նախաձեռնություններով են հանդես գալիս, որոնց արդյունավետությունն ուղղակի չափազանց կասկածելի է։ Օրինակ՝ այդպես շրջանառության մեջ դրվեց ու առաջ մղվեց ուսուցիչների ատեստավորման թեման։

Այսինքն՝ ուսուցիչը կարող է կամավոր ատեստավորվել, լրացնել առարկայական թեստը ու դրա արդյունքում նրա աշխատավարձը կարող է բարձրանալ։ Բայց թեստ լրացնելը կրթության որակի ապահովման հետ շատ քիչ է կապված, քանի որ այն ավելի շատ տեխնիկական գործընթաց է ենթադրում, այնինչ ուսուցիչը պետք է կարողանա աշխատել աշակերտների հետ, նրանց շրջանում հետաքրքրություն առաջացնել առարկայի նկատմամբ ու համապատասխան գիտելիքներ փոխանցել։ Այս ամենին զուգահեռ՝ ԿԳՍՄ նախարար Դումանյանը հայտարարում է, որ ինչպես բուհական համակարգում կա դասախոս, ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր կոչումներ, նմանատիպ անուններով էլ դպրոցներում ուսուցիչներին են նախատեսում տարակարգել, և կախված դրանից՝ կձևավորվի համապատասխան հաստիքային աշխատավարձ: Եթե իշխանություններին թվում է, թե ուսուցիչներին տարակարգերի բաժանելով՝ որակի հարց են լուծում, ապա չարաչար սխալվում են, քանի որ այն ավելի շատ նմանվելու է սեգրեգացիայի ու ավելացնելու է հանրակրթական ոլորտում լարվածությունն ու կոնֆլիկտային իրավիճակները։

Շատ պարզ է, որ բոլոր աշակերտներն էլ ցանկանալու են սովորել բարձր որակավորում, ավելի ճիշտ՝ բարձր «տարակարգ» ունեցող մասնագետի մոտ, դա էլ իր հերթին ենթադրելու է կոռուպցիոն ռիսկեր ու սուբյեկտիվություն տարակարգման համակարգում։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունները, ամեն կերպ ջանալով կրթական ոլորտի համակարգային բարեփոխման տպավորություն ստեղծել, առաջ են քաշում ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դպրոցներում կառավարման նոր մոդելի ներդրում` տարանջատելով դպրոցի տնօրենի բովանդակային և վարչատնտեսական գործառույթները: Փաստացի ստացվում է այնպես, որ դպրոցի տնօրենը պետք է միայն կրթության որակով զբաղվի, իսկ վարչատնտեսական հարցերի լուծումը փոխանցվելու է վարչական մասի ղեկավարին կամ վարչական տնօրենին, որը գործելու է անկախ։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե դրական նախաձեռնություն է, սակայն եթե ավելի խոր դիտարկենք, ապա կտեսնենք, այս փոփոխության անհրաժեշտությունն այնքան էլ հիմնավորված չէ։ Նախ՝ դպրոցում տնօրենը, որպես կանոն, ունենում է ուսումնական գծով և տնտեսական գծով փոխտնօրեններ, որոնք պատասխանատու են իրենց համար նախատեսված իրավասությունների իրականացման հարցում։ Եվ եթե, օրինակ՝ տնտեսական գծով փոխտնօրենը զբաղվում է վարչատնտեսական հարցերով՝ մանավանդ այն համապատասխանեցնելով կրթական գործընթացի պահանջների հետ, ապա այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված նոր վարչական տնօրենի ստեղծման անհրաժեշտությունը։

Ի՞նչ է, նախարարությունների կրճատման արդյունքում մի նախարարը կարող է համակարգել միանգամից մի քանի ոլորտ, իսկ մի դպրոցի տնօրենը չի՞ կարող։ Ու սա էլ բավարար չէ, մի վարչական տնօրենը սպասարկելու է մի քանի դպրոցների։ Արդյոք սրա արդյունքում առանձին դպրոցներ ուղղակի չե՞ն հայտվի ուշադրությունից դուրս։ Բացառված չէ նաև, որ այս բարեփոխումների իմիտացիայի միջոցով ԿԳՍՄ նախարարությունը ընդամենը փորձում է լիովին վերահսկել դպրոցների վարչական մասը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ

Տեսանյութեր