«Ապրելու երկիր» կուսակցությունը չի ճանաչում Տեղ համայնքի իշխանության լեգիտիմությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

․

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարում է, որ Տեղ համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում իշխանությունը բազմաթիվ ընտրախախտումներ է կատարել՝ ճնշումներ գործադրել բազմաթիվ թեկնածուների նկատմամբ, խոչընդոտել քաղաքացիների ազատ կամքի արտահայտմանը: Այս մասին ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում:

«Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած Գյումրի, Դիլիջան, Մեղրի, Տաթև և Տեղ համայնքների ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը և ներկայացված է լինելու նշված համայքների ավագանու կազմերում՝ նախնական տվյալներով արձանագրելով հետևյալ արդյունքները՝

Գյումրի – 5.6%

Դիլիջան – 24.5%

Մեղրի – 9.8%

Տաթև - 13.1%

Տեղ – 34.9%

Շնորհակալություն ենք հայտնում մեր օգտին քվեարկած քաղաքացիներին։ Վստահեցնում ենք, որ մեր աշխատանքով լինելու ենք պատասխանատու այդ համայքներում ծառայել համայնքի բնակիչների շահերին և համայնքների զարգացմանը։վ

Միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ բոլոր համայնքերում իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տեղի են ունեցել վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր, իսկ «տեղական հեղինակությունների» ներգրավումը քարոզչությանը և բուն ընտրության օրվա գործընթացին հիշեցնում էր հին ու բարի ժամանակները՝ հերթական ծառայությունը հերթական իշխանությանը։

Տեղ համայնքում տեղի ունեցած ընտրությունները անհիշելի ժամանակներից հետո տեղի ունեցած ամենախայտառակ ընտրություններն էին։ Ընտրական ամբողջ գործընթացը ուղեկցվել է իշխանության կողմից կուսակցության գրեթե բոլոր թեկնածուների նկատմամբ ճնշումներով, սպառնալիքներով, ինչի արդյունքում 9 թեկնածուներ ստիպված են եղել դուրս գալ ընտրապայքարից։ Քարոզչության ընթացքում շարունակվել են սպառնալիքները նաև բնակչության հանդեպ։ Ընտրության օրը քաղաքացիներին ընտրատեղամաս տեղափոխելը, առերևույթ ընտրակաշառքի տեղեկությունները, օրենքի խախտումով տեղամասում բազմաթիվ անձանց ներկայությունը հնարավորություն չի տվել քաղաքացիներին իրացնել ազատ կամարտահայտման իրենց իրավունքը։

Թեև ընտրական օրենսգրքի տեսանկյունից, ընտրությունների արդյունքներով անձանագրվել են քվեաթերթիկներում առկա տվյալները, սակայն տեղի ունեցած ամբողջ գործընթացը ուսումնասիրության հիման վրա՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը չի ճանաչում Տեղ համայնքի իշխանության լեգիտիմությունը։

Գյումրի, Մեղրի, Տաթև համայնքերում համայնքի ղեկավարը ընտրվելու է ավագանու անդամների կողմից, որի վերաբերյալ կուսակցությունը իր դիրքորոշումը կհայտնի լրացուցիչ։

Մենք շարունակելու ենք մեր մասնակցությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ նպաստնելով մեր համայնքների զարգացմանը»,- ասված է կուսակցության հայտարարությունում։

--00--ԱՀ