Վրացական կողմը խորացնում է ռազմական համագործակցությունը Հայաստանի հակառակորդների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1575547661_0_0_1828_1028_600x0_80_0_0_579f26efa54720d9d46b500ebbec06c1.jpg

Վրացական կողմը Երևան էր եկել որոշակի առաջարկներով, ինչի մասին նշում է նաև Վրաստանի վարչապետը: Մինչ այդ, Ղարիբաշվիլին իր միջնորդական առաջարկով Բաքվում էր, իսկ դրան զուգահեռ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր ստորագրեցին Վրաստանում: Civilnet-ում հրապարակված հոդվածում ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձել է հետևյալ հարցին՝ «Ի վերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում վրացական առաջարկը, ինչպե՞ս է այն ձևավորվել և որքանո՞վ է համապատասխանում մեր պետական և անվտանգային շահերին»։

Վրացական նախաձեռնությունը

«Ձևաչափային» մեկ այլ առաջարկով է հանդես գալիս վրացական կողմը, որը, ինչպես նշեցինք, չի համաձայնում «3+3» ձևաչափին՝ հավանաբար ելնելով Ռուսաստանի գործոնից, սակայն նաև չի ցանկանում թույլ տալ, որ իրեն դուրս թողնեն տարածաշրջանային գործընթացներից՝ ստեղծելով «3+2» ձևաչափը: Այսպես, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում իր ելույթում առաջարկեց ստեղծել «Խաղաղ հարևանության նախաձեռնություն»` Սևծովյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ Թբիլիսին պատրաստ է ընդունել խաղաղության նախաձեռնության շրջանակում առաջին հանդիպումը: Դրանից հետո Ղարիբաշվիլին հայտարարեց, որ Վրաստանը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ ստեղծել հարթակ Թբիլիսիում հայկական և ադրբեջանական կողմերի միջև բարձր մակարդակի շփումների համար:

Ղարիբաշվիլին սեպտեմբերի 29-ի Բաքու այցի նախօերին հույս էր հայտնել, որ կնպաստի Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը: Բաքվում Ղարիբաշվիլիի և Ալիևի կողմից՝ «տարածաշրջանային փոխակերպման կարևորության» մասին քննարկումներից օրեր անց, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր ստորագրեցին Վրաստանում: «Երեք երկրների ռազմավարական համագործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա և հսկայական նշանակությունի ունի տարածաշրջանի անվտանգության, մեր ժողովուրդների բարեկեցության ու մարտունակության բարձրացման համար»,- նշել է Վրաստանի պաշտպանության նախարարը: Հատկանշական է, որ երեք երկրների նախարարները Վրաստանում հետևում էին նաև հոկտեմբերի 4-ից 8-ը անցկացվող եռակողմ Eternity 2021 զորավարժություններին։

Այսպիսով, տարածաշրջանային փոխակերպումների համատեքստում միջնորդական առաքելություն իրականացնել ցանկացող վրացական կողմը խորացնում է ռազմական համագործակցությունը Հայաստանի հակառակորդների հետ: Սա խոսուն փաստ է վրացական կողմի միջնորդական առաջարկի մասին»:

--00--ԱԹ