Վրաստանի ՆԳ նախարարը ՀՀ ոստիկանապետին ներկայացրել է վերջին բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10,  24 News

Դեկտեմբերի 8-ից 10-ը աշխատանքային այցով Վրաստանում էր գտնվում ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Դեկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին ընդունեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նույն օրը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին։ Նրանք ծաղկեպսակ դրեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Հանդիպման ընթացքում Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ողջունելով Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությանը՝ ներկայացրեց Վրաստանի ներքին գործերի նախարարության վերջին տարիների բարեփոխումները՝ կարևորելով երկու երկրների ոստիկանությունների համագործակցության արդյունավետ զարգացումը։

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց հրավերի եւ ջերմ ընդունելության համար։ Բարձր գնահատելով Վրաստանի ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության արդեն իսկ ձեւավորված համագործակցությունը՝ նա նշեց, որ այն արդյունավետ զարգանում է օպերատիվ ծառայողական գործունեության բոլոր ուղղություններով, ամենօրյա աշխատանք է տարվում անձանց հետախուզման, հայտնաբերման ու հանձնման ուղղությամբ, եւ համոզմունք հայտնեց, որ այս հանդիպումը նոր փուլ կհանդիսանա բարիդրացիական հարաբերություններում։

Այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պետ. ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն այցելեց Վրաստանի Պարեկային ոստիկանության վարչություն, որտեղ մանրամասն ներկայացվեցին պարեկային ոստիկանության գործառույթները եւ խնդիրները, կառուցվածքը, պարեկային ոստիկանության կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ ՀՀ ոստիկանության պետը ծանոթացավ Վրաստանի Պարեկային ոստիկանության ծառայության շենքային պայմաններին, ծառայության ընթացքում օգտագործվող տրանսպորտային միջոցների տեխնիկական հագեցվածությանը, ինչպես և պարեկային տեսուչների համազգեստին եւ հատուկ սարքավորումներին։

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը այցելեց Սպասարկման գործակալություն, ծանոթացավ տրանսպորտային միջոցների հաշվառման եւ գրանցման, ինչպես և համարանիերի տրամադրման գործընթացին։ Ոստիկանության պետին ներկայացվեց վարորդական իրավունքի համար քննությունների հանձնման պրակտիկ գործընթացը։

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը հյուրընկալվեց նաեւ Վրաստանի օպերատիվ կառավարման 112 կենտրոնում։ Ներկայացվեց կենտրոնի աշխատանքը, ահազանգերի ընդունման, համակարգման, հաշվառման և ուղղորդման գործընթացը։

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը այցելեց նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության Ակադեմիա, ծանոթացավ պարեկների պատրաստման եւ վերապատրաստման, ուսումնական ծրագրերին եւ պլաններին։ Ցուցադրվեցին ընտանեկան բռնության զոհերին աջակցելու, հանցագործներին վնասազերծելու ուղղությամբ ոստիկանության ծառայողների պրակտիկ գործողությունների գործնական վարժություներ։

Այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը Երեւան հրավիրեց Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին՝ օպերատիվ ծառայողական գործունեության տարբեր ուղղություններով փոխգործակցության հետագա հարցերը առարկայական քննարկելու համար։

--00--ԱԹ