Իրանը կտրուկ քայլերի կգնա, եթե Ադրբեջանը Սյունիքի մարզի հանդեպ ռազմական նկրտումներ ունենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Քաղաքական

44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը խախտվել է։ Ակնհայտ էր, որ ադրբեջանաթուրքական դաշինքն ամեն կերպ փորձում էր Իրանին դուրս թողնել զարգացումներից։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանն ակնհայտ հակաիրանական քայլեր է իրականացնում, և իրանցի վարորդների ձերբակալությունն էլ հենց առիթ հանդիսացավ, որ Իրանի համբերության բաժակը լցվի։

«Կրակի վրա յուղ լցրեց Բաքվի բռնապետն իր անմիտ հայտարարություններով, ինչից հետո իրանական կողմը ակտիվորեն սկսեց ճնշում գործադրել Բաքվի բռնապետի վրա բոլոր ուղղություններով»,-ասաց Ոսկանյանն՝ ընդգծելով, որ այդ ճնշումներից են հենց իրանական բանակի ու իսլամական հեղափոխության կորպուսի աննախադեպ զորավարժությունները։

Իրանագետը նշեց, որ Իրանի արտաքին գործերի նախարարի շուրթերով զգուշացումներ են հնչել Ադրբեջանի հասցեին․ «Մասնավորապես շեշտվեց ահաբեկիչների ներկայությունը Ադրբեջանի տարածքում։ Այն նույն ահաբեկիչների, որոնք մասնակցել են նաև 44-օրյա պատերազմին։ Իր հերթին Իրանի հոգևոր առաջնորդն էլ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ, որում Ադրբեջանին հստակ զգուշացումներ կային»։

Ոսկանյանի խոսքով, իրանաադրբեջանական հարաբերություններն այս պահին լարվածության բարձրակետին են խորհրդային միության փլուզումից ի վեր։

«Իրանական կողմը պատկերավոր ասած նրանց սեղմել է պատին։ Իրանը պատրաստ է ցանկացած գործողության։ Օգտագործում են նաև դիվանագիտությունը ռազմական խողովակներին զուգահեռ։ Եթե Ադրբեջանը որևէ սադրանքի գնաց, ապա իրանցիներն ակնհայտորեն նաև ռազմական գործողության կդիմեն»,-ասաց իրանագետը։

Ափմոփելով խոսքը, նա ընգծեց, որ իրանական կողմը կտրուկ քայլերի կգնա նաև, եթե Ադրբեջանը Սյունիքի մարզի հանդեպ ռազմական նկրտումներ ունենա։

--00--ԿԿ