Ցանկանում ենք, որ ՀՀ-ում ստեղծվի պղնձաձուլարան, ինչը նշանակում է հազարավոր աշխատատեղեր

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24 News

Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Լիտվայի Հանրապետություն: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացնում են առողջապահության, մշակույթի, բիզնեսի ոլորտները:

Վարչապետը նշել է, որ հաջորդ տարվա համար կառավարությունը նախատեսում է իրականացնել աննախադեպ ծավալի` 350 մլրդ դրամի կապիտալ ծրագրեր, որոնք իրենց հերթին բերելու են նոր աշխատատեղեր: Լայն թափով շարունակվելու է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը, առաջիկա հինգ տարիներին երկրում կառուցվելու կամ հիմնանորոգվելու են մի քանի հարյուր դպրոցներ ու մանկապարտեզներ, շարունակվելու են զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքները: «Մեր խնդիրն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ստեղծագործական ընդունակություններով սեփական բարեկեցությունը բարելավել»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունն վերջին երկու տասնամյակում առաջին անգամ փայաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում` հանքարդյունաբերական ամենախոշոր ընկերությունում: «Հույս ունենք որ պետության փայաբաժինը ժամանակի հետ կավելանա: Սա ուղղակի փայաբաժնի առք ու վաճառք չէ, այլ մի մեծ ներդրումային ծրագիր է, որն իրականացվելու է կառավարության աջակցությամբ` մասնավոր ընկերության կողմից: Այսօր, երբ Հայաստանի արտահանման կառուցվածքն ուսումնասիրենք, կտեսնենք, որ մի հսկայական մասն ուղղակի խտանյութ է, որը հիմնականում արտահանվում է Եվրոպական միություն, որտեղ դրանից ձուլում են պղինձ: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում ստեղծվի պղնձաձուլարան, ինչը նշանակում է հազարավոր աշխատատեղերի ստեղծում»,- ասել է վարչապետը` հավելելով, որ արդյունքում ՀՀ-ում կարտադրվի պղինձ: «Այս ներդրումային ծրագրի շրջանակում, տարբեր գնահատականներով, առաջիկա տարիներին մինչև 5 հազար աշխատատեղ կստեղծվի: Այդ հարցը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` կառավարությունը փնտրում և գտնում է գործընկերներ, որոնք կստեղծեն նոր աշխատատեղեր:

 

 --00—ՄՀ