Կութի, Սոթքի հատվածում արդեն երրորդ օրն է՝ սահմանել ենք հերթապահություն. ՀՀ ԱԻ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Այս տարի նախորդ տարվա համեմատ հրդեհները մոտ 30 տոկոսով ավելացել են, հայտարարել է արտակարգ իրավիճակների նախարարը: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը: Անդրանիկ Փիլոյանի խոսքով՝ հրդեհները երկրում գրանցված արտակարգ դեպքերի մոտ 70 տոկոսն են:

Բռնկումների մեծ մասը խոտածածկ տարածքներում է: Տարվա ընթացքում միայն Խոսրովի արգելոցում 4 խոշոր հրդեհ է եղել: Նախարար Փիլոյանը անդրադարձել է նաև սահմանային հատվածում գրանցված հրդեհներին:

«Սահմանային հրդեհների հետ կապված՝ ինքներդ էլ տեսնում եք իրավիճակը: Կարծում եմ՝ մեր աշխատակիցները նույնպես կարողանում են ժամանակին արձագանքել և մեր բանակի, սահմանային, սահմանամերձ բնակչության կողքին լինել: Բոլոր հնարավորություններն օգտագործում ենք, որ կարողանանք ժամանակին մարել այդ հրդեհները: Կոնկրետ Կութի, Սոթքի հատվածում արդեն երրորդ օրն է՝ սահմանել ենք մեր աշխատակիցների հերթապահություն, որպեսզի կարողանան շուտ արձագանքել, շուտ դուրս գալ հրդեհաշիջման աշխատանքների»,- ասաց ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը:

--00--ԱԹ