«Սուրմալու»-ում 2 շաբաթ անց ԱԻՆ-ը հերթապահություն է իրականացնում. 1 քաղաքացի դեռ անհետ կորած է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Սուրմալու

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունից 2 շաբաթ անց որոնողական աշխատանքները դադարեցվել են, ԱԻՆ-ը այս պահին միայն հերթապահություն է իրականացնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Երբ որ քննչական կոմիտեն իր գործողությունները կավարտի, ըստ դրա պարզ կլինի, թե սեփականատերը շենքի հետագայի հարցը ոնց է լուծում, ըստ այդմ, հերթապահությունը կավարտենք: Մեկ քաղաքացի անհետ կորած է համարվում, ըստ էության նա պայթյունի էպիկենտրոնում է եղել, փրկարարները նրան չեն գտել, նրա մասով քննչականն կոմիտեն հայտարարություն կտարածի»,-ասաց նա:  

Նշենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի գործով այսօր 3 անձ է կալանավորվել, նրանք պահեստը շահագործողներն էին, իսկ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենն ազատ է արձակվել,նրան կալանավորելու միջնորդությունը դատարանը չի բավարարել:

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետեւանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Անհետ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցված են։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 3 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել:

Նշենք, որ զոհվածների թվում են եղել նաեւ՝ հղի կին եւ մանկահասակ երեխա։ Ինքնությունը պարզված քաղաքացիներն են՝ Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1965 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․, Արտավազդ Հայրապետյան, ծնված 1951 թ․։

--00--ԱՀ