Ուսուցիչների պատվաստումներն իրականացվում են կամավոր. ԿԳՄՍ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News 

Ժաննա

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ ուսուցիչների պատվաստումներն իրականացվում են կամավոր. չկա որևէ պարտադրանք, սակայն խրախուսվում է պատվաստվելը` հաշվի առնելով համավարակի դեմ պայքարի առողջապահական կանոնները և հանրային առողջապահության նկատմամբ ունեցած յուրաքանչյուրի, այդ թվում՝ նաև ուսուցիչների պատասխանատվությունը:

«Առողջապահության նախարարության նոր պահանջների և կանոնների հրապարակումից հետո ավելի հստակ ու պարզ կլինի, թե պատվաստումների և թեստավորման հակացուցում ունեցող անձանց համար ինչ կարգավորումներ են տրվելու»,- նշել է Ժ. Անդրեասյանը` փաստելով, որ ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական հայտարարության՝ առողջապահական նոր պահանջները կիրառվելու են հոկտեմբերի 1-ից:

Խոսելով անցյալ տարվա իրավիճակի մասին` Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կան բազմաթիվ մեծաքանակ աշակերտներով դպրոցներ, որոնք, 10 տոկոսից ավելի վարակվածության ցուցանիշով պայմանավորված, ողջ տարվա ընթացքում չեն անցել հեռավար կրթության: Փոխարենը կան դեպքեր, երբ փոքրաթիվ աշակերտներով դպրոցները հեռավար կրթության են անցել, քանի որ առաջ են եկել վարակի տարածման ակտիվ օջախներ:

Հարցին, թե որքանով դրական կամ բացասական է ազդել հեռավար կրթությունն աշակերտների առաջադիմության վրա, փոխնախարարը պատասխանել է. «Այս հարցն ունի հատուկ ուսումնասիրության կարիք: Ակնհայտ է, որ որքան շատ են երեխաները դպրոց հաճախում, այնքան ավելի բարձր է արդյունավետությունը: Սակայն մանկավարժներ կան, որոնք նշում են, թե մեծ դասարանների դեպքում կիսված դասարաններով աշխատելն ավելի արդյունավետ է եղել, քանի որ երեխաների նկատմամբ ուսուցիչների ուշադրությունն ավելի մեծ է եղել: Հարցի հետազոտությունը կարևոր է նաև մեզ համար, որը կիրականացվի Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի կողմից»:

 --00—ՄՀ