Պատգամավորական մանդատը գործիք էր, թող հույս չունենան, որ քաղաքականությունից դուրս կգամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

«Պատգամավորական մանդատը թողնելը դժվար չէ. իմ, գործընկերներիս և Գագիկ Ծառուկյանի համար մանդատը շատ կարևոր էր, բայց ընդամենը գործիք, հարթակ էր, որպեսզի կարողանանք իրականացնել մեր գործընթացները, նախագծերը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի զգացողություններով է թողնում պատգամավորական մանդատը։

«Արտախորհրդարանական հարթակում շատ ակտիվ աշխատելու ենք, Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ այդ մասին հայտարարել է։ Շտապեմ հուսախաբ անել բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ մենք կարող ենք անտարբեր լինել այն իրավիճակին, որը տիրում է Հայաստանում և  միտում ունի խորացման։ Մեր պայքարը շարունակվում է»,- ընդգծեց նա։

Դիտարկմանը, թե  հնարավո՞ր է թողնեք քաղաքականությունը և այլ գործով զբաղվեք, Արման Աբովյանը պատասխանեց.

«Թող հույսերը կտրեն, որ ես դուրս կգամ քաղաքականությունից, ավելին՝ առավել  ակտիվ եմ լինելու: Քաղաքականությունը մի հարթակ է, որտեղ իմ տեսլականն եմ իրագործելու: Շնորհակալ եմ այն քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը տվեցին։ Դուք վստահաբար չեք սխալվել, դուք քվեարկել էիք բարգավաճ, ուժեղ Հայաստանի համար: Կարևոր է, որ տասնյակ հազարավոր մարդկանց համար մենք լսելի ենք, և նրանք կիսում են մեր տեսլականը և մերժում՝ սև սպիտակ, հին-նոր բոլոր շինծու կատեգորիաները: Բոլորս մեր պայքարը շարունակելու ենք Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգ և բարգավաճ ապագայի համար»: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ