62 շիրակցի զինծառայողի գերեվարման գործով փոխգնդապետը չի կալանավորվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

․

Պատերազմի ավարտից հետո Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում 62 հայ զինծառայողի գերության մեջ հայտնվելու և գյուղերի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով փոխգնդապետ Արսեն Ղազարյանը չի կալանավորվի։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, մերժել է Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Արսեն Ղազարյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատական ակտում անգամ անդրադարձ չի կատարվել կալանավորման հիմքերին ու պայմաններին։

«Դատարանն արձանագրել է, որ նախկինում անազատության հետ չկապված խափանման միջոցի կարգն ու պայմանները չեն խախտվել, որի պայմաններում բացակայում է այն վերացնելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը»,- նշեց Հովհաննիսյանը։

Այլ խոսքով՝ դատարանը գտել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորման միջնորդության ներկայացնեքն արդարացված չէ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում 62 հայ զինծառայողի գերության մեջ հայտնվելու և գյուղերի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել փոխգնդապետ Արսեն Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ ռազմական դրության պայմաններում ծառայության վարն ինքնակամ լքելու, ռազմական դրության պայմաններում հրամանը չկատարելու, ռազմական դրության պայմաններում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու և մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու հատկանիշներով։

--00--ԱՀ