Գորիսի համայնքապետարանի աշխատակից Արմինե Չոփչունցը չի կալանավորվի. նա ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

․

Գորիսի համայնքապետարանի աշխատակից Արմինե Չոփչունցը չի կալանավորվի. նա ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբան Արմեն Մելքոնյանը:

Փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կկալանավորվի. վերջինը բավարարել է ներկայացված միջնորդությունը:

Ավելի վաղ համայնքապետարանի աշխատակից Սուսաննա Մկրտչյանին կալանավորելու միջնորդությունը ևս մերժվել էր. նա ազատ է արձակվել:

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի 22:30-ին:

2021թ. օգոստոսի 16-ին Քննչական կոմիտեում որոշումներ էին կայացվել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենու Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին:

2021թ. օգոստոսի 17-ին հիշյալ 4 մեղադրյալները ձերբակալվել էին՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

--00--ԱՀ