Պատմության մեծությունը և ժամանակակից պրիմիտիվիզմը կամ գաճաճներն ընդդեմ հսկաների 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Մշակույթ

«Չկա անմահություն, բացի հիշողությունից, որը դու թողել ես այլ մարդկանց գիտակցության մեջ»։ 

Նապոլեոն Բոնապարտ 

1821թ. մայիսի 5֊ին մարդկանցից, աշխարհից և ժամանակից հեռացավ նա, ով իր երկրային կյանքի օրոք կերտեց այն մեծությունը, որը հավերժության մեջ անշրջելիորեն մնաց անգերազանցելի։ 

Նապոլեոն Բոնապարտ, համամարդկային հսկա և քաղաքակրթական հանճար, ում հետ նույն հարթության վրա ի զորու են կանգնելու միայն Ալեքսանդր Մակեդոնացին և Հուլիոս Կեսարը։ Փոխաբերական առումով նայել անտառին կարող են բոլորը, բայց անտառի ետևում տեսնում են ծառերը ոչ շատերը, ծառերի վրա ճյուղերը` քչերը, իսկ ճյուղերի վրա տերևները` բացառիկները։ 

Բոնապարտը վերմարդկային է իր հատկություններով, գերմարդկային` արդյունքներով ու համամարդկային` թողած հետքով։ 

Մեր Տեր Աստծո և Փրկչից` Հիսուս Քրիստոսից հետո, Նապոլեոնի մասին գրվել են ամենաշատ գրքերը։ 

Նրա տիտանականությունը ծածկում է և՛ քաղաքական, և՛ ռազմական, և՛ իրավական, և՛ ադմինիստրատիվ ոլորտները, այսինքն` պետությունների և ազգերի կառավարման հանճար է Բոնապարտը։ Մինչև իրեն ոչ ոք այդպիսի լայնամասշտաբ իշխանություն չի ունեցել այդ քանակի լուսավորյալ, կրթված ազգերի նկատմամբ, ինչպես ինքնակերտ կորսիկացին։ 

Նապոլեոնը հանդիսանում է ժամանակակից Ֆրանսիայի հիմնադիրը, միացյալ Եվրոպայի գաղափարախոսը, Իսրայել պետության վերականգնման մտահաղացման տերը։ Այն, որ Ֆրանսիան ետ դարձավ անհավատության կործանարար ճանապարհից և վերադարձավ կաթոլիկ եկեղեցու ու քրիստոնեական ճշմարիտ հավատքի գիրկը, պարտական է միմիայն կոնսուլ Բոնապարտին։ 

Ռազմարվեստում Նապոլեոնի թողած հետքը մի առանձին ակադեմիայի ժառանգություն է և ուսումնասիրման նյութ։ Նրա կողմից ստեղծած ստրատեգիական փիլիսոփայությունը ու տակտիկական զինանոցը ուրույն գիտություն և գործնական կիրառության համար հավերժ արդիական երևույթներ են, որոնց հոգեբանության ճշգրիտ ընկալումը, էության յուրացումը թույլ կտան մարտավարական այդ զարդեր֊զենքերը գործածել ոչ միայն ռազմական բնագավառում, այլև քաղաքականությունից մինչև գործարարություն, պետական կառավարումից մինչև սպորտ` մասնավորապես ֆուտբոլ և շախմատ և այլ բնագավառներում։ 

Այսինքն՝ որտեղ որ պայքար կա, իսկ կյանքը պայքար է, այդտեղ կանգնած է Նապոլեոնը` յուր մեծությամբ ազդելով և իր պատվանդանից լուսավորելով անհատներին, խմբերին, պետություններին ու ժողովուրդներին, մասնագիտական ճյուղերը առանձին վերցրած և ոլորտները` հավաքականորեն։ 

Եթե ֆրանսիացիների կայսրի ու եվրոպացիների առաջնորդի լիդերությունը բաժանենք երկու մասի` տալով բնորոշում, ապա բնութագրումը հետևյալ անունները կունենա` մարդկանց ուսուցիչ, համաշխարհային ճարտարապետ։ 

Բոնապարտը նշանավոր անհատների մասին հետևյալ միտքն ունի. «Հանճարեղ մարդիկ մետեորներ են, որոնք կոչված են այրվելու, իրենց դարը լուսավորելու համար»։ 

Այս արտահայտությունը ամբողջովին վերաբերում է հեղինակին՝ մեկ բացառությամբ. Նապոլեոնը ոչ միայն լուսավորեց դարը, որում ապրում էր, այլև իր երկրային ժամանակը սեփական էպոխայի վերածեց` դարձնելով այն արժեքային համակարգ բոլոր ժամանակաշրջանների համար։

Մեկ հոդվածում տեղավորվելու համար բավականին դիպուկ է պետք լինել` կարողանալու համար ճշմարիտ գծեր հաղորդելու նրա դիմանկարին, ով ապրում ու ապրեցնում է, և հանճարեղ մեծության ու անմրցակցային հեղինակության, համաշխարհային անանց ազդեցության անմահ կերպար և խորհրդանիշ է։ Սակայն մեզ համար միայն հաճելի կլիներ այս կաթիլները Նապոլեոն անունով մեծ օվկիանոսի մասին սպիտակ էջերին ցանելու, եթե մտահոգվելու պատմական պատճառներ չլինեին։ 

Մինչև արտահայտվելը մեկ նշում. Մարդը, ազգը, պետությունը մահանում են, երբ ուրանում են իրենց հավատքն ու պատմությունը։ 

Այն, ինչը որ հիմա կատարվում է աշխարհում, էքսպերիմենտ չէ, այլ` սպանության փորձ։  Միտումնավոր, հստակորեն, լայն թափով ու արագ վերացվում է եղած աշխարհը։ Կատարվում է հիշողության գենոցիդի ակտ և տեղի է ունենում կոպիտ հարված մարդկության բովանդակալից կենսությունը պահող հիմնասյուներին։ Այսինքն, սպանելու նպատակով, հարձակում է գործվում աշխարհն ու մարդկանց իրենց ուսերի վրա պահող ատլանտների դեմ, և եթե սա հաջողությամբ պսակվի, ամեն ինչի փլուզվելը ու մոլորակային քաոսի համատարածության ուժի մեջ մտնելը կարճ ժամանակի և անկանխատեսելի տևողության հարց է։ 

Ինչո՞ւ է այդպես. դա ուրիշ հրապարակման նյութ է, բայց արժեքների դեմ պատերազմից անմասն չի մնացել Բուոնապարտեն։ Չնայած նրան, որ Ֆրանսիայում բոլոր ժամանակներում անցկացված սոց. հարցումներում հաղթում է Նապոլեոնը, որպես հայրենական պատմության ամենալրջագույն դեմք` հետ թողնելով, թե՛ գեներալ դը Գոլին, թե՛ Արև արքա Լուի XIV֊ին, թե՛ կարդինալ Ռիշելյեին, այսօր նրա անվան հիշատակն ու թողած ժառանգությունը վտանգված են։ 

Նապոլեոնի մասին անցնում են ընդամենը մի քանի դասի շրջանակներում, արձանները մեկ, երկու հատ են և նույն պատկերն է փողոցների հետ կապված։ Խուսափում են իր հաղթանակների տոնակատարությունն անցկացնել և բարձր պետական մակարդակով մասնակցել այդ ամենին։ Ընդվզման է հանդիպում նրա հետ կապված մեծարման գրեթե յուրաքանչյուր դրսևորում։ Տարբեր մասնագետներ ու կազմակերպություններ փորձում են ներկայացնել Ֆրանսիայի կայսրին որպես սեքսիստ, ստրկավաճառության կողմնակից և ազատությունները ոտնահարող բռնապետ` պնդելով, որ Նապոլեոնին պետք է ուսումնասիրել, բայց ոչ մեծարել։ Սա աբսուրդ է։ 

Պատմագիտության քննության մեջ առաջին հերթին հաշվի են առնվում անհատի հատկությունները, արժանիքներն ու կատարած գործերի մեծությունը, ազդեցությունը և, ապա, տվյալ ժամանակի մարտահրավերներն ու խնդիրները` նրանց լուծումը, արձանագրած հաջողությունները, ստացված առաջընթացը։ 

21֊րդ դարի փափուկ հայացքով նայել դաժան դարերին, որտեղ հերոսությունն ու ողբերգությունը միասին էին գնում, այսօրվա մոտեցումներից ելնելով քննադատել հարյուրամյակներ առաջ ապրած մեծ դեմքերին, ովքեր դրեցին աշխարհի զարգացման հիմքերը, ոչ միայն սխալ մասնագիտական մոտեցում է, այլև կեղծ օրակարգ ու վտանագավոր դրսևորում։ Ավելի հստակ սա այլասերում է։ 

Մի առիթով Չերչիլը ասել է. «Խրուշչովը մարդկության պատմության մեջ միակ քաղաքական գործիչն է, ով պատերազմ հայտարարեց մեռյալին, բայց դա դեռ քիչ է, հաջողացրեց այն պարտվել»։ 

Այսօր ուզում են քանդել մարդու արժեհամակարգը և փոշիացնել հիշողությունը` տեղը ոչինչ չտալով` այդպիսով վակուում առաջացնելով։ Կեղծ կատեգորիաները սողոսկելով դոմինանտության են ձգտում, և սա ոչ թե մեկ պետության ձեռքի գործն է, այլ հակապետական կազմակերպությունների, որոնց խնդիրը ֆինանսական գերակայության հաջողության դեպքում ոչ հոգևոր` նյութական համերաշխության հասնելն է։ 

Հայաստանում նույնական գործընթացները ակնառու են։ 

Փաշիստական վարչակազմը բացահայտ և դիտավորյալ արշավ սկսեց հայ անկախ, հերոսական ու հավաստի անցյալի նկատմամբ` ուրանալով, վարկաբեկելով, մոռացության մատնելով հերոսներին և հաղթանակները։ 

Ամենավառ օրինակը Վազգեն Սարգսյանին է վերաբերվում, ով մեր խորը համոզմամբ, ուժի ու հաղթանակի մարմնավորում և խորհրդանիշն է և ում, ամեն գնով չի ուզում արժևորել և անդրադառնալ ժողովրդի և հասարակության մեջ իրավամբ դասալիք ու դավաճան համարվող նիկոլիստական վարչախումբը։ Հանդես գալով փրկչի տեսքով և ուղիղ համեմատական անկում ապրելով, ինչպես ազգակործան պատուհաս (ֆրազը` Տեր֊Պետրոսյանի) Նիկոլն ու թիմը թույլ տվեցին Հայաստանի ամենանվաստացուցիչ կապիտուլիացիան։ Նրանց վերջնական պարտության արձանագրման տեսարանը դաժան է լինելու։ 

Գալով Բոնապարտին։ 

Իհարկե և՛ Ֆրանսիայում, և՛ աշխարհում կան ու ոտքերի վրա պինդ կանգնած են նրանք, ովքեր պաշտպանում և քարոզում են Նապոլեոնին, նրա փառահեղ կյանքն ու գործը։ Դա անում են և՛ անհատները, և՛ մասնագետները։ Սակայն, անկախ այս շնորհակալաշատ գործից,

Պատմության դատարանը ամեն ինչ իր տեղն է դնում` ամոթի սյունին գամելով դավաճաններին, թույլերին ու ճիվաղներին, ուրացողներին և բաձրագույն պատվանդանի վրա զարդարում է հանճարներին, հերոսներին, խորագետ խիզախներին, պետությունների ու մարդկության էվոլյուցիան առաջ տանող գիգանտներին։ Եվ չի կարող հավերժ դիալոգ ու կասկած լինել առյուծների ու շակալների, արծիվների և ճանճերի մասին` փաստերն ու երևույթները խոսում են իրենց մասին։ 

Նապոլեոն Բոնապարտը հազարամյակների մեջ մեզ տրվեց մեկ անգամ և նման շռայլությունը գիտակցել ու գնահատել է պետք։ Հակառակ մոտեցումը քարոզ դարձնելը ժամանակի անիմաստ կորուստ է և հանցավոր գործունեություն, որը, վերջնարդյունքում կրելու է ջախջախիչ պարտություն ու տանուլ տվածները դասվելու են նսեմների շարքերին, քանզի չի կարող պարտվել նա, ով հաստատված է, որ հաղթանակի խորհրդանիշ է ու մեծության էտալոն, քաղաքակրթական նավապետ և այլևս ընդմիշտ հավերժությունից իշխում է մարդկանց սրտերին ու մտքերին` գալով դարերի խորքից և տանելով իր հետևից դեպի ժամանակների վերջնագիծը ու անդին։ 

Ռուբեն Վարդանյան 
Պատմաբան, հրապարակախոս

Նվիրվում է Մեծն Կայսրի հիշատակության 200 ամյակին

Բոնապարտ
Բոնապարտ

--00--