Հանրապետություն համարվող ապակե տնակը 

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

էլ Գրեկո
Լաոկոն, Էլ Գրեկո, 1610֊1614թ.թ

Ավազի վրա կառուցեցի ես շենք հիմարության՝
Լայն արահետով խաբվեցի հասնել անձկալի
կյանքի, 
Ինքս փակեցի ելքն ուղևորիս
Եվ կորստյանս խորխորատը ես իմ կամքո՛վ բացի: 

Սուրբ Գրիգոր Նարեկացի  «Մատյան Ողբերգության», Բան Ե, Գ 75֊78

Նիկոլի կողմից հռչակած «Նոր Հայաստան» կեղծ թեզը մոտենում է լիարժեքության և ավարտուն տեսքին։ 

Երբ սահմանազատումը և «խաղաղության» պայմանագիրը դե յուրե տեսք ստանան, կսկսվի հանրային քողարկված պրոցեսը, որը կլինի նրա մասին, թե մինչ այս ամենը Հայաստանը որպես միջազգային օրինական սուբյեկտ չկար, կար անկախացած մի երկիր, որ գրավել էր ուրիշի տարածքներն ու նստել էր օտարի հողերի վրա, և միայն Նիկոլն ու իր թիմը Հայաստանին տվեցին լեգիտիմ տեսք բոլոր առումներով՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին։ 

Հանրային մոլորությունը կայանում էր (է) նրանում, որ սնուցվեց այն միտքը, թե Նիկոլի ու ժողովրդի շահերը համընկնում են` մինչդեռ Փաշինյանը՝ որպես պետական գործիչ, լինելով թույլ տեսակ և սեփակսն գործիքակազմում չունենալով որևէ այլ բան, քան պոպուլիստական մանիպուլիացիան` կարող է պահպանել իր դիրքը` փչացնելով ու կործանելով ամեն ինչ և դրա դիմաց հասարակության գիտակցության մեջ այլոց մեղավոր դաջելով։ 

Քանի որ նա ունակ չէ լուսավոր զորության կամ վճռականորեն հաջողության հասնելու և արդեն անցել է անդառնալիության հատման անցակետը, ապա պետք է շփոթեցնի մարդկանց` ստեղծված դժգույն իրավիճակների պատճառահետևանքային կապի թելերը իրենից հեռացնելով` տանելով դեպի ուրիշները։ 

Հանրապետության նվաստացումը Փաշինյանի երկարակեցության երաշխիքն է. քանի որ նա չի կարող բեկել ազատ անկման ընթացքը, ուրեմն պիտի օգտվի դրանից` կարող ուժերին չեզոքացնել փորձելով։ 

Այս պայմաններում Նիկոլի վրա մեծ ազդեցություն են ձեռք բերում դրսի ուժերը, որոնք Հայաստանում ներքաղաքական գործընթացներ զարգացնելու տեխնոլոգիաներ և լծակներ ունեն։ Նրանք պահը բաց չեն թողնի իրենցը վերցնելու համար` երկիրը կկտրատեն և կձևաչափեն սեփական շահերին համահունչ։

Փաշինյանն ընկած է նրանցից ուղիղ կախման մեջ և հանձնարարությունները կատարելու է ժրաջանորեն։ Իհարկե, դրսում հաշվի առնում են Նիկոլի կապրիզատեսակ հոգեբանությունն ու անհավասառակշիռ էությունը, բայց դա դրսևորվում է միայն ներսում` իր լիազորությունները պահպանելու դեպքում։ 

«Քայլողների» ղեկավարը չի գործում հանուն Հայաստանի, այլ ապրում է իր պաշտոնի պահպանման համար, որին զոհ է գնում մեր երկիրը։ Եվ այլևս խոսքը գնում է ոչ թե անկախ ինքնիշխանության մասին, այլ պետությունը՝ որպես բովանդակ գործոն ունենալու։ 

Ձևական պետականության դեպքում մենք ամբողջական մարմնից կվերածվենք որևէ մի բանի ինչ որ անդամի, կդառնանք ուրիշի կողմից կերակրվող և պաշտպանվող ճորտերի մի զանգված, որին պահում են օգտագործելու համար։ 

Սակայն այս գիտակցումը բացակայում է հասարակության մոտ` կարելի է ասել, որ հավաքական առումով Հայաստանում բանականությունը հրաժարական է տվել։ 
Դժվարագույն իրավիճակներում ելքը հաճախ կողքերում է լինում` լուծման պարզ եղանակի ձևով, և միայն հետո` հետահայաց քննության ժամանակ, դա հասկանալի է դառնում։ Բայց մեր այսօրեկան դեպքում կարծես դա էլ չկա` ելքը նույնպես հեռացել է բոլորիս տիրույթից։ 

Իհարկե, մտածող և սիրող մարդու համար, ով էգոիստ չէ, որ բավարարվի միայն սեփական կյանքի ու մերձակա միջավայրի կենցաղային բարեկեցությունը վայելելու ցածրորակ զգացումով և իր կյանքը անասնականից բարձր ու մարդկայինից ոչ ցածր է գնահատում, ով սեփական ես-ից բացի մտահոգության և երջանկության այլ առիթներով էլ է ապրում` դժվար է համակերպվել անտարբերության վիրուսով վարակված այս մթնոլորտի և ստեղծված վիճակի իրավիճակային պարտադրանքի հետ։

Դասական ճանապարհը կլիներ` աջակցել և առատացնել ընդդիմությանը, բայց այստեղ բախվում ենք պետությանը բաժին հասած պատուհասների պատճառահետևանքային կապերի արմատներին ու դրանցից սնվող թունավոր հոսքերի շարունակությանը և լերդացած արյան հոտի զգացողությանը բնորոշ զգացում ապրում` նրանց այսօրեական և ոչ նորօրյա քաղաքական վարքուբարքից։ 

Ընդդիմությունը մեղավոր է որպես նախկին իշխանություն` անցած իշխանությունը մեղավոր է որպես ներկա ընդդիմություն։ Դերերով ու տեղերով փոխվելով` նրանք չմոռացան ոչինչ, չսովորոցին ոչ մի բան, չզղջացին ոչ և մեկ բանի համար` չնայած այս ամենի համար, թե ժամանակ, թե առողջություն, թե փող ունեին։ 

Երևի հարցը խղճի մեջ է, որովհետև ապաշխարհել նշանակում է գիտակցել, զղջալ, փոխհատուցել եռաստիճանին, որի թեկուզ և մեկ գործողության պակասը ոչ թե թերի, այլ անիմաստ է դարձնում մյուս երկուսի լինել կամ չլինելը։ Եվ բանավոր հայտարարությունները կիսատ են, եթե չկա համահունչ քայլը կամ շարքը։ Իսկարիովտացի Հուդան էլ խոստովանեց, բայց չապաշխարեց ու Հիսուսի մոտ գնալու փոխարեն` գնաց վերջին մահացու մեղքը գործելու։

«Ի՞նչ անել» կամ «ո՞րն է ելքը» բառակապակցությունները հայության շրջանում մոլորակային մակարդակով են ժանգոտված, քանի որ այստեղ ու այս ազգության մեջ են ամենից շատ հնչել ու ձախողվել և իրական իմացողներին ու վճռական անողներին էլ, հայրենական քրոնիկոնը պատմում է, որ մերժել ու սպանել, վտարել են դաժանորեն, հետո ապավինել օտարի ողորմածությանը և վերջում փոշմանել ամեն ինչի համար, բայց այդպես էլ վերաիմաստավորում տեղի չի ունեցել։ Այս մոտեցումն է պատճառը համապետական և համազգային բոլոր աղետների։ 

Խնդիրն այս խաղային տրամագծից հրաժարվելն է և քարոզելը, թե ինչ վիճակում է գտնվում հայ հասկացողությունը, ինչին է բախվել, ոնց պիտի դուրս գա, ուր գնա` լոկալ ու գլոբալ առումներով։ 

Մեզնից, մեր միջից պիտի դուրս գա այն անհատը, ով ոչ միայն գիտի անցյալը, հասկանում է ներկա, այլև տեսնում է ապագան` ժամանակի պատասխանատուն, ով լավ ծրագրից բացի դրա իրականացման ունակությունն ունի։ Կուտակված հարցերի և պրոբլեմների լուծումը անձնավորված է լինելու։ 

Հակառակ դեպքում մենք, որ կորցրել ենք մեր բերդերն ու ամրոցները, տեսնել ենք սեփական սահմանների ճեղքումն ու փոշիացումը, ապրվող կենսատարածքներից քշվել ենք դեպի մեր ներսը` հիմա կուչ ենք եկել ապակե տնակի թափանցիկ միջավայրում` մեր բաց վերքերով ու մերկությամբ, կարող ենք ենթարկվել հերթական ու վերջնական հարվածին` այս անգամ արդեն սոսկ պարսատիկի միջոցով արված, և մնանք ապակիների կտորտանքների տակ, որոնք հերիք են մեզ ծածկելու համար։ 

Մինչդեռ մեր տան հյուրերը արդեն հեռացած կլինեն, քանի որ Հայաստանն իրենց տունը չէր, այլ պիտանի մի տարածք, որովհետև յուրաքանչյուր ժողովուրդ իր մեջ եկվորներ ունի, և հարցն այն  է, թե ով ում է ղեկավարում ու վերահսկում։ 

Ռուբեն Վարդանյան 
Պատմաբան, հրապարակախոս

--00--ԱԹ