«Չէ՞ որ երկուսն էլ մերն են». ի՞նչ դեր կունենա ռուսական գործոնն ԱԺ արտահերթին․ «Կոմերսանտ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

 

նկար

 

«Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել հայ-ռուսական հարաբերությունների և Հայաստանում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի դերի մասին:

Ըստ հոդվածագրի՝ Հայաստանում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ռուսական գործոնը, եթե՝ ոչ որոշիչ, ապա շատ կարևոր կլինի։ Այս համատեքստում հոդվածագիրը նաև հիշեցնում է, որ օրերս Մոսկվա էին այցելել հիմնական քաղաքական մրցակիցները՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոնք անհաշտ թշնամիներ են, և երկուսն էլ շփվել են Վլադիմիր Պուտինի հետ:

Հոդվածագիրը ընդգծում է՝ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը Կրեմլի համար կարևոր է առաջին հերթին Ղարաբաղի պատճառով. ոչինչ չպետք է խանգարի այն խաղաղությանը, որը Ռուսաստանը հաստատել է այնտեղ, և տարածաշրջանի տնտեսական վերականգնման ծրագրերին:

«Կոմերսանտը» գրում է, որ առաջիկա ընտրությունների համատեքստում Փաշինյանի համար կարևոր է Մոսկվայի հետ լավ հարաբերություններ ցուցադրել, հատկապես որ Պուտինի վստահությունը վաղուց արմատավորված է նրա հիմնական մրցակցի, «թշնամու»` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ:

Անցյալ շաբաթ Քոչարյանը նույնպես այցելել էր Ռուսաստանի մայրաքաղաք: Նախկին նախագահն իր տրամադրության տակ ուներ տեղեկատվական կարևոր ռեսուրս՝ Ռուսաստանի Առաջին ալիքը: Նա հարցազրույց է տվել Վլադիմիր Պոզներին։

Հոդվածագիրը խորհրդանշական է համարում, որ Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա այցից առաջ Հայաստանում կարճվեց «սահմանադրական կարգը տապալելու» հոդվածով քրեական գործը, որով նախկին նախագահը մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո: «Կոմերսանտ»-ի տեղեկությունների համաձայն՝ Կրեմլը մեկ անգամ չէ, որ Փաշինյանին հասկացնել է տվել, որ չարժի հետապնդել նախկին նախագահին, բայց մինչ անցյալ շաբաթ այդ խնդրանքներն անտեսվում էին:

«Կոմերսանտը» անդրադառնում է նաև Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ բարձրաձայնված ռազմագերիների հարցին, «ինչը չափազանց ցավոտ հարց է Հայաստանի համար»՝ ըստ հոդվածագրի։  

«Ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանում, ըստ տարբեր գնահատականների, դեռ 140-ից  200 հայ գերի կա: Պաշտոնապես Բաքուն խոստովանում է, որ ընդամենը 60 հայ զինծառայող կա իր մոտ: Բայց քանի որ նրանց գերեվարել են Հադրությում` ռազմական գործողությունների ավարտից հետո, Ադրբեջանը նրանց դիվերսանտներ է համարում, և այս հարցում որևէ տեղաշարժ չկա»,-գրում է հոդվածագիրը։

«Կոմերսանտը» նաև մխիթարական է համարում այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից հետո ստացել է Ռուսաստանի համաձայնությունը՝ Հայաստանին «Սպուտնիկ V» պատվաստանյութ մատակարարելու վերաբերյալ:

«Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը գոնե մեկ լավ լուր տուն կտանի»,-ընդգծում է հոդվածագիրը։

Մանրամասները՝ այստեղ։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս