Թող կանանց, մայրերի ուսերին ոչ թե ծանրանան փորձությունները, այլ փարվեն հարազատ մարդիկ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, երբ Գաբրիել հրեշտակը, հայտնվելով նրան, ասաց․ «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Դու կծնես մի որդի։ Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի։ Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»։

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ ջերմորեն շնորհավորելով մեր մայրերին, կանանց, քույրերին՝ սրտանց մաղթում եմ, որպեսզի այս գեղեցիկ ավետիսը «օրորոցային վրեժի» խորհուրդը դառնա և փրկության նոր հույսեր, նոր խինդ ու սփոփանք պարգևի հայ օջախներին։

Թող հայ այրերը լինեն հաղթանակած, հպարտ, պատվախնդիր․․․ և կանանց, մայրերի փխրուն ուսերին ոչ թե ծանրանան փորձությունները, այլ սիրով փարվեն հարազատ մարդիկ։

Խաղաղություն, երջանկություն եմ մաղթում բոլորիդ»։

--00--ԱԹ