Արցախի ԱԺ խոսնակն ու ԱԳՆ ղեկավարը քննարկել են հայկական մեքենաների քարկոծման դեպքերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

1

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ հանդիպել է արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ:

Քննարկվել են երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ կապված հարցեր: Արթուր Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ հնչած հիմնական թեզերը, խորհրդարանի ղեկավարի խոսքով, համահունչ են նոր իրողություններին:

«Այսօր Արցախի անվտանգությունը համար մեկ խնդիրն է, ադրբեջանցիների՝ վերջին շրջանում դրսևորած, այսպես ասած, ակտիվությունը չի կարող անարձագանք մնալ: Խոսքը հայկական մեքենաների քարկոծման դեպքերի մասին է»,- ասել է Արթուր Թովմասյանը:

Խոսվել է միջազգային ատյաններում այս և օրակարգային այլ հարցեր բարձրացնելու անհրաժեշտության մասին:

«Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը պետք է լինի մեր արտաքին քաղաքականության գերակայություններից», - ասել է Ազգային ժողովի նախագահը՝ շեշտելով Ռուսաստանի հետ բարեկամական շրջանակի ստեղծման անհրաժեշտությունը:

ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես պաշտոնական դիվանագիտությանը աջակցող կարևոր օղակ:

«Ներքին բոլոր ռեսուրսները պետք է օգտագործել արտաքին ճակատում ուժեղ ներկայանալու համար», - ասել է արտգործնախարարը:

Այդ տեսանկյունից կարևորելով նման հանդիպումները՝ Դավիթ Բաբայանը շեշտել է դրանք պարբերական դարձնելու անհրաժեշտության մասին:

--00—ԼՄ