Արցախի ԱԺ խոսնակը տեղահանվածների հետ քննարկել է նրանց նյութական վնասների փոխհատուցման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

12

Նոյեմբերի 29-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է մի խումբ տեղահանվածների հետ՝ «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի հիմնադիր Արմինե Ավագիմյանի գլխավորությամբ:

Ողջունելով հասարակական նախաձեռնությունները՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է հանրությանը մտահոգող հարցերի բարձրաձայնումը նման կառույցների կողմից:

Հանդիպման ընթացքում խոսվել է տեղահանվածների հիմնախնդիրների մասին, դրանք միշտ խորհրդարանի ուշադրության կենտրոնում են, ցանկացած ծրագիր, օրենսդրական նախաձեռնություն, որը նպաստում է տեղահանվածների սոցիալական խնդիրների լուծմանը աջակցություն են ստանում օրենսդիրի կողմից:

«Իմ պայքարը երկու ուղղությամբ է՝ Արցախի կարգավիճակ ու զոհված ազատամարտիկների ընտանիքների, տեղահանվածների, աղքատների ու ճնշվածների շահերի պաշտպանություն», - ասել է Արթուր Թովմասյանը: Նա պատրաստակամությամբ լսել է տեղահանվածներին ու ընթացքավորել մի շարք հրատապ հարցեր:

Անդրադառնալով բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու հարցին՝ Արթուր Թովմասյանը նշել է, որ ծրագիրը փաստացի մեկնարկել է 2021 թվականի հուլիսի 1-ից ու ավարտին կհասցվի 2024 թվականի հուլիսին: Տեղահանվածների բնակվարձի փոխհատուցման պարտավորությունն էլ պետությունը մինչև դեկտեմբերի վերջը կիրագործի:

Հանդիպման մասնակիցները մտահոգություն են հայտնել պարապուրդում գտնվող պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձի վճարման դադարեցման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ: ԱԺ նախագահը շեշտել է, որ իր տեսակետն անփոփոխ է՝ աշխատանքով ապահովել, նոր կրճատել: Այս համատեքստում տեղահանվածները կարևորել են վերաորակավորման հարցը:

Քննարկվել են տեղահանվածների նյութական վնասների փոխհատուցման, ՀՀ տեղափոխվածներին տրամադրվող սերտիֆիկատների կիրառելիության հետ կապված հարցեր:

«Գեն» նախաձեռնությունների կենտրոնի հիմնադիր Արմինե Ավագիմյանը շնորհակալություն է հայտնել անմիջական մթնոլորտի համար, իր հերթին Արթուր Թովմասյանն ասել է, որ Արցախում յուրաքանչյուր պետական պաշտոնյայի դռները ժողովրդի առաջ բաց պետք է լինեն:

--00—ԼՄ