Ոչ ոք իրավունք չունի վիրավորել կամ ֆիզիկական ուժ կիրառել լրագրողների նկատմամբ․ Ի․ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News    

Thumbnail

Իշխանության  ամենաթողության, ամբարտավանության ու անդաստիարակության հերթական ցայտուն դրսևորումը, որն իհարկե չեն դատապարտի իշխանության կարկառուն ներկայացուցիչները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ԲՏԱ նախարար Հակո Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպին:

«Օրը ցերեկով ամենավերջին խուլիգանի պահվածքով նախարար կոչվող անձը բռունցքներով հարձակվում է լրագրողի վրա, բռնություն գործադրում, վնասում գույքը...

Համաձայնեք, որ ամբողջ օրը ժողովրդավարության մասին աղաղակողները տարօրինակ պատկերացում ունեն ժողովրդավարության ու ընդհանրապես հանդուրժողականության մասին: Հիշե´ք մեկընդմիշտ, որ թեպետ ձեր համար այլևս սովորական է դարձել հոխորտանքն ու բռունցքները տարբեր ուղղություններով անկանոն թափահարելը, բայց ոչ ոք, բացարձակապես ոչ ոք իրավունք չունի վիրավորել կամ  առավել ևս ֆիզիկական ուժ կիրառել լրագրողների նկատմամբ: Դա ականջներիդ օղ արեք...»,- գրել է Տոնոյանը:

Նշենք, որ այսօր լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա:

«Ես մոտեցա որպեսզի նախարարից ճշտեմ՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին սրճարանում, իսկ դրանից րոպեներ անց նախարար Հակոբ Արշակյանը հարձակվեց ինձ վրա:

Դեպքը տեղի է ունեցել Երևանի գործող սրճարաններից մեկում, երբ ես տեսա՝ ինչպես է նախարարը աշխատանքային ժամը անցկացնում սրճարանում, մոտեցել եմ և հարցրել՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում»,-հայտնեց լրագրողը:

--00--ԱՀ