Ինչո՞ւ նախագահը կրկին մերժվեց. ինչ կասի Ծառուկյանը. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News     

Արմեն Սարգսյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Հայրենիքի փրկության շարժումը» պաշտոնապես հայտարարեց, որ չի մասնակցելու ՀՀ նախագահի կողմից առաջարկված ձեւաչափով հանդիպմանը` պնդելով, որ նման կազմով հանդիպում պետք է կայանա միայն ուղիղ եթերի պայմաններում: ՀՀ նախագահն էլ հայտարարեց, որ լրացուցիչ կհայտնի նոր հանդիպման մասին, քանի որ մինչ այս միայն «Լուսավոր Հայաստանն» էր արձագանքել հրավերին` հաստատելով, որ կմասնակցի քննարկմանը:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցուփորձ արեց նախագահին մերժած ուժերի շրջանում` հասկանալու համար, թե ինչու չգնացին հանդիպման: Պարզվեց` որեւէ մեկը շարժման լիդերներից չի վստահում ո՛չ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ո՛չ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ավելին, նրանք մտաբերում էին մի շարք հարցեր, որոնք այս ընթացքում ուղղակի կամ միջնորդավորված փոխանցվել են ՀՀ վարչապետի կամ նախագահի անունից, բայց հետագայում հարցերը լուծվել են այլ կերպ, քան խոստացված է եղել: Դրա համար այս անգամ եղել է հրապարակավ հավաքվելու պահանջ, որպեսզի ուղիղ եթերում հնչեցված խոստումներից հնարավոր չլինի հետ կանգնել:

Բայց, մյուս կողմից էլ, անհասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է` ԱԺ խմբակցությունների հետ պետք է որոշվի արտահերթ ընտրությունների հարցը, մի խմբակցությունը համաձայնում է, մյուսը, թեեւ «Հայրենիքի փրկության շարժման» կազմում է, դեռ լռում է, իսկ երրորդ` առավել ռադիկալ կողմը, մերժում է:

Ամեն դեպքում, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն արդեն հայտարարել է, որ իրենք հուշագիր կստորագրեն ամեն գնով, միայն թե արտահերթ ընտրություններ լինեն: Մնում է հասկանանք՝ այսօր կամ վաղը ինչ կասի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ու հենց նրանց դիրքորոշումների եւ վարչապետի որոշման արդյունքում էլ կլուծվի արտահերթ ընտրությունների հարցը, եւ կսահմանվեն ժամկետներ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ