Անհնար է հարմարվելը, որ բամփելու, բամփվելու կանոնները փոխվել են օրենքի առաջ հավասարությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 6, 24News

բորենի

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, անդրադառնալով ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի կազմակերպած խորհրդի նիստին և դրա ընթացքում հնչած հայտարարություններին, գրառում է արել ֆեյսբուքյան էջում և կից բորենիների լուսանկար հրապարակել:

«Իսկապես, համավարակով պայմանավորված իրավիճակը կարելի է նմանեցնել պատերազմականին, ու այսպիսի իրավիճակում ներքաղաքական, իրականում անձնական ու խմբակային շահերի համար մղվող պայքարը դավաճանություն է: Այդպես էլ պետք է լիներ վաղ, թե ուշ:

2018 թվականի ապրիլ-մայիսից հետո երկրում ձևավորված ու զարգացող ժողովրդավարության, օրինականության ու պետականաշինության մթնոլորտում նրանք չեն կարող իրենց լավ զգալ, իսկ երկարաժամկետում չեն կարող քաղաքական գոյություն ունենալ:

Նրանց գաղափարաբանական էությունն է հակասում այդ ամենին: Եվ նրանց համար, իսկապես, բարդ ու նույնիսկ անհնար է հարմարվել իրավիճակին, երբ …

- ավազակապետական համակարգը փոխարինվել է օրինական, լեգիտիմ՝ ժողովրդի քվեով ձևավորված իշխանությամբ,

- տարբեր հասցեներում իրար հետ պայմանավորվելու, իրար մեջ փայեր կիսելու փոխարեն պայմանավորվելու միայն մեկ սուբյեկտ կա՝ ժողովուրդը … ու կիսել չկա, փայեր չկան…,

- բամփելու ու բամփվելու խաղի կանոնները փոխարինվել են օրենքի առաջ հավասարությամբ,

- ուժեղ լինելը արդեն սեփական կենդանաբանական այգիդ չէ, վանդակներում փակված առյուծները ու թիկնազորդ չեն, այլ՝ ժողովրդիդ սերը ու փոխադարձ հարգանքը:

Տուկի թելով քաղաքական հետագիծ չեն թողնում: Թողածդ էլ տուկի թելի կյանք է ունենում …

Դիմադրելը անիմաստ է. օրենքի առաջ բոլորը պատասխան են տալու ամեն ինչի համար: Թալանված, գողացված ամեն դրամը վերադարձվելու է:

Ամեն ինչ լավ է լինելու»:

Հունիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղխորհրդի արտահերթ նիստ էր անցկացրել, որի ժամանակ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քննադատել էր իշխանությանը՝ հայտարարելով, որ կառավարության 100 տոկոսին պետք է փոխել:

 

--0--Մ