Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի համար սահմանվեց որպես կարմիր գիծ․ իրանագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

․

Սա անթաքույց ուղերձ էր Բաքվի բռնապետին և էրդողանական վարչախմբին, որ Հայաստանի Հանրապետության հանդեպ որևէ ոտնձգություն Իրանը կդիտարկի սեփական կենսական շահերի ոտնահարում և կդիմի դրանից բխող անհրաժեշտ գործողությունների։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանը։

«Իրանի արտգործնախարարի՝ Երևանում արած հայտարարություններից ամենակարևորը թերևս այն էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի համար հստակորեն սահմանվեց որպես կարմիր գիծ։

Սա անթաքույց ուղերձ էր Բաքվի բռնապետին և էրդողանական վարչախմբին, որ Հայաստանի Հանրապետության հանդեպ որևէ ոտնձգություն Իրանը կդիտարկի սեփական կենսական շահերի ոտնահարում և կդիմի դրանից բխող անհրաժեշտ գործողությունների։

Այստեղ պետք է խախտեմ նույնիսկ համառոտ վերլուծության համար պահանջվող սառը դատողության պահանջը և նշեմ, որ զուտ մարդկային մակարդակում այս հայտարարությունը երկակի զգացողություն առաջ բերեց։

Նախ՝ ուրախալի է, որ թշնամիների դեմ սեփական անվտանգության ապահովման հարցում Հայաստանն, ըստ էության ունի Իրանի անվերապահ աջակցությունը, իսկ տխրեցնող է, որ բանը հասել է մեր երկրի տարածքային ամբողջականության քննարկմանը»։

--00--ԱՀ