ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News
Արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորած եղբորն ու նրա որդուն փնտրող Արսեն Ղուկասյանը հերթական ուղիղ եթերի ժամանակ հայտնեց որոնողական աշխատանքների վերաբերյալ վերջին տվյալները:
Նա նշեց, որ երեկ երեկոյան որոնողական խմբերը վերադարձել են, նրանք Քարինտակից մի կնոջ մարմին են դուրս բերել: Որոնողական աշխատանքների ընթացքում որևէ մեկին ողջ չեն գտել:
Ղուկասյանը տեղեկացրեց, որ երեկ՝ հերթական ուղղությունների որոշման ժամանակ, ռուսական կողմից զանգ է ստացվել, իրենց տեղեկացրել են, որ որոնողական աշխատանքներն անորոշ ժամանակով հետաձգվում են: Պատճառը, ինչպես ավելի ուշ է պարզվել, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցն է այդ տարածքներ:
Արդյոք միայն այսօ՞ր են ընդհատվում որոնողական աշխատանքները, թե՞ նաև հետագայում, ըստ Ղուկասյանի՝ դեռ հայտնի չէ:
«Ոչ մի փոփոխություն, հերթով գալիս են, տարբեր խոստումներ, տարբեր բաներ, մի օր՝ մառախուղ, մի օր՝ արև, մի օր՝ Ալիև, մի օր՝ այս, մի՝ օր այն, ու ոչ մի բան…»,- նշեց նա:
--00--ԱԹ