Հունվարի 21-ին Արցախում 4 աճյուն է հայտնաբերվել․ 3-ի ինքնությունը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 22, 24News

հասարակական

Նախօրեին որոնողափրկարական աշխատանքների արդյունքում Արցախում հայտնաբերվել է 4 աճյուն, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Քաղաքացիական անձանցից մեկը Հադրութի Դրախտիկ գյուղի բնակիչ Մարինե Հայրապետյանն է։ Մյուս երկուսը Հադրութի Ազոխ գյուղի բնակիչներ Սերժիկ Ավագյանը և Յուրիկ Առուշանյանն են։ Նրանց դիերը եղել են իրենց տան բակերում, մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Իսկ զինծառայողի դին հայտնաբերվել է Ջաբրայիլից։ Նրա ինքնությունը դեռ հայտնի չէ, սակայն, նախնական տեղեկություններով, նա եղել է կամավորական ջոկատից»,- նշեց Հունան Թադևոսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ մինչ օրս հայտնաբերվել է 1251 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձի մարմին:

«Այսօր որոնողական աշխատանքներ են իրականացվում Ֆիզուլիում և Որոտանում, Բերձորից հարավ՝ Իշխանաձորում և Այգեհովիտում»,-ասաց Թադևոսյանը։

--0--ԿԿ