Օրինագծում բացակայում է բուհերում արհմիությունների մասնակցությունը բուհերի խորհուրդներում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News   

բուհեր

ՀՀ բուհերի արհմիությունների նախագահությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում է հետ կանչել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հայտարարությունում սվում է. «Սույն թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային ժողով՝ հրատապության կարգով քննարկելու եւ ընդունելու առաջարկությամբ:

Խոսքը մի նախագծի մասին է, որը իր կարգավորումներով վտանգի տակ էր դնում բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը, բուհական համակարգի աշխատողների (պրոֆեսորադասախոսական, վարչական, ուսումնաօժանդակ եւ տեխնիկան անձնակազմ) ներկայացուցիչների՝ արհմիությունների դերակատարությունը:

Օրենքի հիշյալ նախագծում իսպառ բացակայում է բուհերում գործող արհեստակցական կազմակերպությունների մասնակցությունը բուհերի հոգաբարձուների եւ ակադեմիական խորհուրդներում: Նախագծում ընդհանրապես չի հիշատակվում ռեկտորների կողմից կոլեկտիվ պայմանագիր կնքելու լիազորության մասին, ինչպես նաեւ չի ընդգծվում բուհերում գործող արհմիություններում եւ մասնագիտական միություններում միավորվելու աշխատողների իրավունքը:

Ինչը հավելյալ խթան կհանդիսանա բուհերում գործող արհմիությունների դերակատարության բարձրացմանը՝ նպաստելով բուհական համակարգի աշխատողների աշխատանքային եւ մասնագիտական իրավունքների արդյունավետ պաշտպանության ավելացմանը:

Ավելին՝ վերջին պահին օրենքի նախագծում տեղ է գտել վիճահարույց դրույթ՝ բուհերի ռեկտորների՝ ԿԳՄՍ նախարարի կողմից մինչեւ 5 տարի ժամկետով նշանակվելու վերաբերյալ, ընդ որում՝ չսահմանելով բուհի ռեկտորի համար սահմանված ոչ մի պահանջ: Փաստացի, նախարարը կարող է մինչեւ հինգ տարի ժամկետով բուհի ռեկտոր նշանակել ցանկացած անձի։ Այս դրույթը իսպառ ոչնչացնում է բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունները` դրանով իսկ խախտելով պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ գիտության ոլորտի աշխատակիցների օրինական շահերը:

ՀՀ բուհերի արհմիությունների կողմից թվարկված բոլոր թերությունները մատնանշվել են, ներկայացվել են բազմաթիվ առաջարկներ, ցավոք սրտի բոլորը առաջարկները մնացել են անպատասխան։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.

հետ կանչել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովից եւ ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հիշյակ օրենքի նախագիծը լրամշակելու համար:

Նշված միջոցառումները չձեռնարկելու դեպքում մենք իրավունք ենք վերապահում մեզ ՀՀ օրենսդրությամբ մեզ վերապահված հնարավորությունների շրջանակներում իրականացնել  գործողություններ հիշյալ օրենքի նախագծի ընդունումը կանխելու համար:

--00—ՄՀ