Իլ-76, Ան-124 ինքնաթիռները ռուս խաղաղապահներին ԼՂ տանելու համար 1 օրում 22 թռիչք են արել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

ռուս

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով ՌԴ ՊՆ-ին, հայտնում է, որ Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու համար 1 օրում 22 թռիչք են իրականացրել դեպի Հայաստան: Օդային տարածքից շարասյան անվտանգությունն ապահովում են ուղեկցող Մի-8 և Մի-24 ուղղաթիռները։

«1 օրում «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները 22 թռիչք են իրականացրել։ Հայաստան է տեղափոխվել 64 միավոր ավտոմոբիլային ու հատուկ տեխնիկա՝ զրահամեքենաներ, բեռնատարներ, ավտոցիստեռններ, էքսկավատորներ և նյութատեխնիկական աջակցության այլ սարքավորումներ», - նշվում է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունում:

Նշենք, որ նոյեմբերի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: 

--00—ԼՄ