ՀՀ օմբուդսմենը ՄԱԿ-ին ԼՂ-ում մարդու իրավունքների վիճակի մասին հատուկ հաղորդում է ուղարկել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

թաթոյան

«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին քիչ առաջ ուղարկեցի հատուկ հաղորդում Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, որ առաջացել է երեկվանից ադրբեջանական ռազմաօդային և հրետանային, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ թիրախային ագրեսիվ հարձակումների հետևանքով»,-այդ մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Սա հատուկ ընթացակարգ է ու այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները:

Հաղորդումն ուղարկվել է նաև միջազգային այլ կառույցների:

Դրանում ներկայացված են Արցախի քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական թիրախային հարձակումները՝ համապատասխան փաստերով ու լուսանկարներով: Հաղորդման մեջ եզրահանգումներ են արված այն մասին, որ իրական վտանգի տակ են երեխաների, կանանց, տարեցների ու, առհասարակ, ողջ խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը, նրանց սեփականությունը, դպրոցներն ու այլ քաղաքացիական օբյեկտները:

Մենք շարունակում ենք համագործակցությունն ու անմիջական կապի պահպանումը Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին դիմող Արցախի հայ բնակչության հետ»,-հայտնում է ՀՀ օմբուդսմենը:

--00—ԼՄ