Քրգործ է հարուցվել Ադրբեջանի «Ղարաբաղ» ՖԱ մամուլի քարտուղարի հայատյաց գրառման դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 5,  24News  

դատախազ

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում Ադրբեջանի «Ղարաբաղ» ՖԱ մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի կողմից բոլոր հայերին սպանելու վերաբերյալ գրառման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը) և 3971-րդ հոդվածով (Ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«2020 թվականի հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովը համակարգչային համակարգի միջոցով՝ իր ֆեյսբուքյան օգտաէջում, արդարացնելով ազգային պատկանելության հիման վրա հայերի դեմ ցեղասպանությունը, վերջիններիս նկատմամբ թշնամանք հարուցելու, ատելություն և բռնություն հրահրելու նպատակով նշել է․ «…Մենք պետք է սպանենք հայերին։ Պետք է սպանենք երեխաներին, կանանց ծերերին, առանց որևէ տարբերության։ Պետք է սպանենք բոլորին։ Ոչ մի խղճահարություն և էմոցիաներ։ Նրանց հետ օրենքի լեզվով խոսելն անիմաստ է։ Հայերը սկսեցին հասկանալ, երբ սկսեցինք խոսել ուժի լեզվով։ Մենք պետք է սպանենք…»:

1949թ. դեկտեմբերի 9-ին ընդունված և ՀՀ-ի կողմից 1993թ. հունիսի 23-ին վավերացված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենիցայի 1-ին հոդվածի համաձայն՝ ցեղասպանությունը, անկախ նրանից՝ կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըստ միջազգային իրավունքի հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել և պատժել այն կատարելու համար: Կոնվենիցայի 3-րդ հոդվածի համաձայն՝ պատժելի է նաև ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը:

ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները, ովքեր հանցանքը կատարել են ՀՀ տարածքից դուրս, ենթակա են քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով, եթե նրանք կատարել են այնպիսի հանցագործություններ, որոնք նախատեսված են ՀՀ միջազգային պայմանագրով:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը) և 3971-րդ հոդվածով (Ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

--00--ԱՀ