Պարգևատրում՝ Անկախության տոնին. թիրախում COVID բուժողներն ու Տավուշի մարտերի զինվորներն են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

անկախություն

Սեպտեմբերի 21-ին «Զվարթնոց» տաճարում տեղի կունենա «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը համանուն հաղորդաշարի պաշտոնական ամփոփումն է: Արդեն երկրորդ տարին Անկախության օրը կնշվի՝ մեծարելով ՀՀ քաղաքացուն: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Մեր ժամանակների հերոսը» հեռուստանախագիծը Հանրային հեռուստաընկերության եթերում է  2 տարի: Յուրքանչյուր շաբաթ հեռարձակվող հաղորդաշարը բացահայտել է 70-ից ավելի ձեռներեցների, ներկայացրել նրանց հաջողության պատմությունը:

2019 թ.-ին սկիզբ դրվեց «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը, որն ավանդաբար տեղի է ունենում սեպտեմբերի 21-ին: Հաղորդաշարի հերոսներից 12-ը ստանում են «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը: Եվս մեկն էլ արժանանում է գլխավոր մրցանակի, որը հանձնում է ՀՀ վարչապետը: 

Այս տարի նաև երկու հատուկ մրցանակ է նախատեսված: Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար խորհրդանշական մրցանակ կստանան բուժաշխատողները, իսկ Հուլիսյան հերոսական մարտերի համար՝ զինվորականները:

Մրցանակաբաշխությունը ժամը 22:00-ին կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ, ինչպես նաեւ «Մեր ժամանակների հերոսը» ֆեյսբուքյան էջով:  Միջոցառումը բաց կապուղով հասանելի կլինի բոլոր լրատվամիջոցներին:

--00—ԼՄ