ՀՀ աթլետիկայի պատվիրակությունը մեկնել է Թուրքիա՝ մինչև 20 տարեկանների առաջնությանը

ԵՐԵՎԱՆ,    ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  12,  24News       

ՀԱՕԿ

ՀՀ աթլետիկայի  պատվիրակությունը երեկ լուսադեմին  Երևան - Մինսկ- Ստամբուլ երթուղով մեկնել է Թուրքիա։ Ստամբուլում սեպտեմբերի 12 – 13 –ին կանցկացվի  Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների  առաջնությունը։

Հայաստանի թիմը բաղկացած է յոթ մարզիկից։ Նրանք ասպարեզ կելնեն մարզիչներ, երևանցի Էրիկ Նուրիջանյանի և կապանցի Արտյոմ Պողոսյանի ղեկավարությամբ։ Մեր աթլետները հանդես կգան հեռացատկ, եռացատկ, վազք և արգելավազք մրցաձևերում։

Սեպտեմբերի 19-20- ը  Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում  կանցկացվի Բալկանյան երկրների մեծահասակների  առաջնությունը: Մեր երկրի 12 աթլետներին մրցավայր կուղեկցեն երեք մարզիչներ։ 

--  00—ՄՀ