Ռայնիսի 3-ի շենքի 4-րդ շքամուտքը ևս անվտանգ է. բնակիչները վերադարձել են

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Ռայնիսի1

Օգոստոսի 26-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 3 հասցեում տեղի ունեցած պայթյունից տուժած քառահարկ՝ 5 մուտքանի շենքում ապամոնտաժման է ենթակա միայն վթարված 5-րդ շքամուտքը: Այս մասին Armtimes.com-ին հայտնել ե ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լրատվականից:

Ավելի վաղ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ -ի Կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետի տեղակալ Գուրգեն Նամալյանն ասել էր, որ Ռայնիսի 3 հասցեում գտնվող տվյալ շենքի 4-րդ շքամուտքում նկատվել են որոշակի ձևախախտումներ: Մասնագետը նաև հայտնել էր, որ նախնական ուսումնասիրությունից հետո Քաղաքաշինության կոմիտեի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովության համար ևս մեկ անգամ համապատասխան ուսումնասիրություն կատարել:

Քաղշինկոմի լրատվական ծառայությունից հայտնել են, որ 48 բնակարաններից բաղկացած շենքում իրականացվել է տեխնիկական հետազննություն և կազմվել է շենքի ընդհանուր վիճակի մասին եզրակացություն. «Ամբողջությամբ փլուզվել է շենքի 5-րդ մուտքը` 12 բնակարանով: Ուսումնասիրության արդյունքում շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մուտքերի հատվածամասի տեխնիկական վիճակը գնահատվել է բավարար եւ պիտանի բնակության համար»:

Նաև տեղեկացրել են, որ Երևանի քաղաքապետարանի պատվիրատվությամբ մշակվում է շենքի վնասված հատվածը քանդելու նախագիծ: 5-րդ շքամուտքի ապամոնտաժումից հետո իրականացվելու է շենքի տեխնիկական վիճակի կրկնակի հետազննություն, որի արդյունքներով կորոշվի նրա ուժեղացման և սեյսմակայունության բարձրացման անհրաժեշտության հարցը:

«Ներկայում վթարված 5-րդ մուտքի 12 ընտանիքների բնակապահովման հարցի լուծման համար մշակվում է Կառավարության որոշման նախագիծ»,- հայտնել են քաղշինկոմից:

Իսկ Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից տեղեկացրել են, որ 12 ընտանիքները հյուրանոցից արդեն տեղափոխվել են վարձակալած բնակարաններ:

Երևանի քաղաքապետարանը մտահոգված լինելով անտուն մնացած քաղաքացիների ճակատագրով՝ Կառավարության հետ քննարկում է հնարավորինս շուտ նրանց խնդիրը լուծելու հարցը: Քաղաքապետարանից դժվարացել են ասել, թե պայթյունի հետեւանքով անօթևան մնացած ընտանիքները, երբ կկարողանան իրենց հիմնական կացարաններում վերաբնակվել: Կոնկրետ ժամկետներ դեռեւս հայտնի չեն, հնարավոր է վերաբնակեցումը լինի Նոր տարուց հետո:

--00--ԱԹ