«Ազգային օրակարգը» դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ուժային ճնշումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 14, 24News

ազգ

«Ազգային Օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ Առիջի տան խուզարկության և ԱԱԾ հարցաքննության տանելու վերաբերյալ:

««Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը արձանագրում է, որ վերջին շրջանում, սրվող համավարակային, սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամի ֆոնին, գործող իշխանություններն իրենց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ սկսել են պարբերաբար բռնաճնշումներ կիրառել՝ քաղաքական խնդիրները փորձելով լուծել քրեական հետապնդումներ իրականացնելու միջոցով։ Այս մասին ասվում է «Ազգային օրակարգ» կուսակցության տարածած հայտարարության մեջ:

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը դատապարտում է ՀՀ Ազգային Ժողովի ընդդմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև մի շարք այլ ընդդիմադիր գործիչների նկատմամբ իշխանությունների սանձազերծած ուժային ճնշումները։ Ակնհայտ է, որ դրանց իրական պատճառն այն քաղաքական հայտարարություններն են, որոնցով դրվել էր գործող կառավարության հրաժարականի և Ազգային համաձայնության անցումային կառավարություն ձևավորելու պահանջը, ինչին գործող իշխանությունը հակազդում է շանտաժի և ուժային ճնշումների միջոցով։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը իշխող վարչախմբից պահանջում է անհապաղ դադարեցնել իրավապահ մարմիններին՝ որպես իրենց քաղաքական խնդրների լուծման գործիք օգտագործելը, և վերադարձնել գործընթացները քաղաքական դաշտ։

Միաժամանակ, ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպութուններին ու գործիչներին կոչ ենք անում համարժեք արձագանքել և թույլ չտալ, որպեսզի Հայաստանում քաղաքական գործընթացները ճնշվեն ուժային մեթոդներով, քանի որ այդ ռեպրեսիվ մեքենան, թափ հավաքելով, այլևս չի շրջանցելու իշխանություններին հակադրվող որևէ ուժի կամ անհատի»,-նշվում է հայտարարության մեջ։

--00—ԼՄ