48 օր հրաժարվում են հարցաքննել անձին, ում ցուցմունքը կբացառի մեղադրյալի մեղավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News     

Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երկու օր առաջ գրառում էի կատարել՝ փաստելով, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքն իր աբսուրդության աստիճանով արժանի է «Գրան Պրի» մրցանակի, իսկ իրականացվող նախաքննությունն իր միակողմանի և ակնհայտ ոչ օբյեկտիվ դրսևորումներով նորանոր ռեկորդներ է գրանցում։ Ի ապացույց նշված պնդման՝ ներկայացնում եմ Միքայել Մինասյանի գործով կատարված աբսուրդային և զավեշտալի խախտումների միայն մի մասը՝

1. դրամական միջոցների տեղափոխումը Միքայել Մինասյանի մեկ բանկային հաշվեհամարից մեկ այլ բանկային հաշվեհամար որակվել է որպես «փողերի լվացում»,

2. 2017 թվականի հայտարարարագրում նախատեսված դրամական եկամուտների 80 տոկոսը կազմող դրամական միջոցների՝ Մինասյանի օգնականի կողմից Մինասյանի բանկային հաշվեհամարին մուտք անելը որակվել է որպես «ապօրինի հարստացում»,

3. հայտարարագրում առկա տեխնիկական սխալի կապակցությամբ դեռևս սույն թվականի մարտի 18-ին միջնորդել եմ հարցաքննել այն ընկերության աշխատակցին, ով պատասխանատու է եղել հայտարարագիրը լրացնելու համար։ 48 օր անց, այն է՝ մայիսի 5-ին, քննիչը հրաժարվում է դատարանին տրամադրել նշված անձի ցուցմունքը՝ պատճառաբանելով, որ հարցաքննությունն ավարտված չէ։

Պատկերացնու՞մ եք՝ քննիչը 48 օր շարունակ հրաժարվում է հարցաքննել այն անձին, ում տված ցուցմունքը բացառելու է մեղադրյալի մեղավորությունը։

ՔԱՌԱՍՈՒՆՈՒԹ ՕՐ!!!

Հավատացնում եմ, որ վերոնշվածը կազմում է Միքայել Մինասյանի դեմ քննվող գործով կատարված զավեշտալի և կոպիտ խախտումների միայն 20 տոկոսը»։