«Շանգրի լա»-ն կարող է փակվել, հարցը ֆինանսների նախարարությունում է. «1lurer.am»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

շանգրի

ԲՀԿ խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի լա» խոշոր խաղատան գործունությունը կարող է դադարեցվել։ Հրապարակային ծանուցումների Azdarar.am կայքից տեղեկանում ենք, որ ֆինանսների նախարարությունը քննարկում է Ծառուկյանին պատկանող խաղատանը տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը։ Այդ մասին գրում է 1lurer.am-ը:

Հարցի քննարկումը սկսվել է ապրիլի 15-ին, սակայն ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովը երկու անգամ՝ վերջինը ապրիլի 23-ին կայացած նիստում, որոշել է «Օնիրա քլաբին» տրված ԽՏ-001 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու հարցի քննարկումը հետաձգել մինչ ապրիլի 30։

Աղբյուրը նշում է, որ «Շանգրի լա» խաղատունը ՀՀ-ում խաղատնային լիցենզիա ստացած 4 խաղացողներից մեկն է և, ըստ էության, ամենախոշորը։ «Շանգրի լա» ապրանքանիշի սեփականատերը Storm international խաղատնային խոշոր ընկերությունն է։ «Շանգրի լա»-ն հիմնվել է 2014-ին, այն Երևանին ամենամոտ խաղատունն է՝ Երևան-Աբովյան ավտոճանապարհին։ Կառուցված է 13.6 հեկտար տարածքի վրա։ Խաղատուն այցելողների թվի մասին տեղեկատվություն առկա չէ, Կառավարությունը, սակայն, 2014-ին հայտնել էր, որ խաղատան կառուցման ներդրումային ծրագիրը գնահատվում է ավելի քան 150 միլիոն դոլար։

«Օնիրա քլաբը» «Շանգրի լա» խաղատունը շահագործող իրավաբանական անձն է և մտնում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմի մեջ։ «Օնիրա քլաբը» նաև «Փարավոն» ռեստորանը շահագործող ընկերությունն է։ Խաղատնային բիզնեսում վճարած հարկերի թվով «Օնիրա քլաբը» առաջատար է, սակայն քանի որ ընկերությանը բացի «Շանգրի լա»-ից պատկանում է նաև «Փարավոն» համալիրը, դժվար է այնտեղից միայն խաղատնային հարկերը առանձնացնել։

2019-ին «Օնիրա քլաբը» վճարել է 5 միլիարդ 206 միլիոն դրամ հարկ, 2018-ին՝ 4 միլիարդ 820 միլիոն, 2017-ին՝ 4 միլիարդ 741 միլիոն դրամ։

«Շանգրի լա»-ի կազմակերպիչ «Օնիրա քլաբն» ունի երեք բաժնետեր: Խոշոր բաժնետերերն են Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, 2.8 տոկոս բաժնեմաս էլ ունի «Մուլտի գրուպ կոնցեռնը»։ Մարտի 23-ին Ծառուկյանը, խորհրդարանում անդրադառնալով տնտեսական ու սոցիալական ճգնաժամին, պատասխանելով լրագրողների հարցին, ասել էր՝ պետությունը պետք է և՛ «Շանգրի լա»-ի հարկերը վճարի, և՛ աշխատողների աշխատավարձը։ Ծառուկյանը հայտնել էր նաև, որ «Շանգրի լա»-ի կառավարիչները արտասահմանցիներ են, սակայն ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ ընկերության գլխավոր տնօրենը Տարոն Մանուկյանն է։