ՀՀ ԶՈւ-ն լիովին պատրաստ է պահել երկրի սահմանների անձեռնմխելիությունը. Վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ երկրի զինված ուժերը համալրված են ժամանակակից և գերժամանակակից զենք-զինամթերքով և լիովին պատրաստ են ապահովել պետության սահմանների անձեռնմխելիությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց ԱԺ արտահերթ նիստում՝ հանրապետությունում արտակարգ դրություն հաստատելու մասին նախագծի քննարման ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի ՀՀ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հարցին։

«Ցավոք սրտի սահմանային միջադեպերը շարունակցում են, և ցավոք երկու կողմում էլ լինում են զոհեր։ Մեր կոչը մշտապես եղել այն, որ պետք է թույլ չտալ իրավիճակի էսկալացիա։ Նման դեպքերում միշտ փոխադարձ մեղադրանքներ են հնչում, թե ով սկսեց և ինչ արեց։ Լավագույն ձևը սահմանային միջադեպերի հետաքննության գործում մեխանիզմ ունենալն է»,- շեշտեց Փաշինյանը։

Անդրադառնալով ՀՀ ԶՈւ-ին՝ նա նշեց, որ սպառազինության գնումները եռապատկվել են, ձեռք է բերվել ժամանակակից և գերժամանակակից զենք-զինամթերք։

«Զինվորների սննդի, հագուստի նոր կարգերը, բանակում աշխատավարձերի շոշափելի և էական բարձրացումները նպաստել են, որպեսզի մեր ԶՈւ-ի մարտունակությունն էլ ավելի բարձրանա։ ՀՀ Զինված ուժերը պատրաստ են պահել Հայաստանի, իսկ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը՝ Արցախի սահմանների անձեռնմխելիությունը»,- նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով Տավուշի և Նախիջևանի ուղղությամբ դիվերսիայի փորձին, կրակիցներին և սահմանին զոհ ունենալու վերջին դեպքերին, նա շեշտեց, որ այդ կապակցությամբ իրականացվել են որոշակի ընթացակարգեր ՀԱՊԿ-ի շրջանակներում։