Կարծում եմ՝ թյուրիմացության արդյունք է. կճշտվի այս ամենը․ Աբովյանի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

աբովյանիքաղաքապետ

«Ես չեմ ուզում այս ամենին քաղաքական ենթատեքստ հաղորդել: Կարծում եմ՝ սա թյուրիմացության արդյունք է»: Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանն իրեն առաջադրված մեղադրանքը թյուրիմացության արդյունք է համարում: Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Վահագն Գևորգյանը որպես մեղադրյալ ներգրավվել է Քրեական օրենսգրքի 315.2 հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) նախատեսված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար և նրան առաջադրվել է համապատասխան մեղադրանք։

«Վստահ եմ, որ նույնիսկ դատաքննության փուլ չի մտնի գործը. թյուրիմացության արդյունք է և կճշտվի այս ամենը»,- ասաց Աբովյանի քաղաքապետը:

Վահագն Գևորգյանը լրագրողներին հանդիպման էր հրավիրել Աբովյան քաղաքում՝ նորակառույց բնակելի թաղամասի շինհրապարակում(սա այն հողատարածքն է, որի մասին գնում է խոսքը):

«Մոտ 20 տարի առաջ աճուրդային կարգով հատկացումներ են եղել տարբեր բնակիչների: «Մուլտի գրուպ» կոնցեռնը ձեռք է բերել այս հողատարածքները և դիմել է քաղաքապետարան՝ բնակելի կառուցապատման ծրագիր իրականացնելու հետ կապված, ինչը մենք ողջունեցինք. հետխորհրդային ժամանակաշրջանում՝ մոտ 30 տարի, Աբովյան քաղաքում բնակելի կառուցապատման շինարարություն ընդհանրապես չէր եղել»,- ասաց քաղաքապետը:

Գևորգյանի խոսքով՝ շինարարությունն իրականացնողը ինքնակամ կառուցապատումիրականացնելու համար երկու անգամ վարչական տույժի է ենթարկվել. «Մի դեպքում՝ շինաշխատանքներն իր հողում առանց թույլտվության կատարելու համար, մյուս դեպքում՝ համայնքային հող դուրս գալու համար: Հիմա մեղադրանքում նշվում է, որ վարչական ղեկավարի կողմից «Մուլտի գրուպ» կոնցեռնի նկատմամբ տույժ կիրառելը կրել է ձևական բնույթ: Եթե կլինի ՀՀ-ում մի իրավաբան, որը կհիմնավորի կամ կմեկնաբանի, թե ինչ է նշանակում՝ վարչական տույժ կիրառելու ձևական բնույթը, ես ուղղակի չեմ հասկանում… Կարող է՝ գա ժամանակ և պարզվի, որ նույն դատախազության կամ քննչական մարմինների կողմից հարուցված քրեական գործը կրել է ձևական բնույթ»:

Քաղաքապետի խոսքով՝ ինքնակամ շինարարության պարագայում համայնքի ղեկավարը կարող է կա՛մ դիմել դատարան՝ քանդման որոշման համար, կա՛մ օրինականացնել շինությունները: «Որոշում կայացրեցինք չքանդել, որովհետև ծրագիրը լավն է, մենք ինքներս ենք խրախուսել նման ծրագրի իրականացումը Աբովյան համայնքում:  Նա մեկնաբանել է նաև համայնքին հասցված վնասի մասին խոսակցությունները․ «Վնաս, ըստ էության, չկա, որովհետև դեռևս անցյալ տարի «Մուլտի գրուպ»-ը դիմել էր համայնքապետարան, որ եթե նույնիսկ կադաստրային շեղումներ կան, ընկերությունը պատրաստակամություն է հայտնել կադաստրային արժեքի տույժ-տուգանքները վճարել և շենքերն օրինականացնել: Եվ եթե կոնցեռնը չհամաձայներ վճարները կատարել, օրենքի համաձայն՝ այս շենք-շինությունների համար դիմում և ստանում ենք համայնքային սեփականության վկայական: Այսինքն՝ երկու դեպքում էլ անգործության արդյունքում համայնքին տրված վնաս չունենք»,- պարզաբանեց Վահագն Գևորգյանը:

Նա անդրադարձավ նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և իր հարաբերություններում լարվածության մասին հարցին մեկնաբանելով, որ անձի հետ լարվածություն չկա․ «Մարզպետի հարաբերություններն աշխատանքային են։ Դեմարշ անել ինչ-որ անձի… այդ մոտեցումով ուղղակի չես կարող աշխատել։ Սրանք պետական ինստիտուտներ են, որոնք պարտավոր են իրար հետ համագործակցել՝ անկախ նրանից՝ միջանձնային հարաբերություններում իրար սիրո՞ւմ են, թե՞ չեն սիրում»,- ասաց քաղաքապետը։