Պուտինին զարմացրել է ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու՝ Փաշինյանի որոշումը․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

271403

Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո, հիշում եմ, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հանդիպեց նրա հետ՝ ամեն կերպ ընդգծելով, որ մենք չենք առաջնորդվելու ինչ-որ նախկին փորձով, այլ նրանով, թե կոնկրետ ինչպես է Հայաստանի ղեկավարությունը հարաբերությունները կառուցելու Ռուսաստանի հետ։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ և՛ ՀԱՊԿ-ը, և՛ Եվրասիական տնտեսական միությունը հիմնարար կառույցներ են Հայաստանի համար, նրա տնտեսության զարգացման, Հարավային Կովկասում նրա մեկուսացումը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Եվ հենց այս ուղղությամբ էր, որ հարաբերությունները զարգանում էին բոլոր տարիներին՝ մինչև 2020 թվականը, երբ Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվեց հակամարտությունը։ Հետո Փաշինյանը դիմեց Պուտինին և՛ որպես Ռուսաստանի դաշնակից, և՛ որպես ՀԱՊԿ անդամ, իսկ դրանից հետո արդեն տեղյակ եք, թե ինչպես է մեր նախագահը բառացիորեն բանակցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ դադարեցնելու այդ պատերազմը»,-ասել է նա։

Լավրովի խոսքով, երբ 2022 թվականին Պրահայում, այսպես կոչված, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, որը նաև Մակրոնի գյուտն էր, փաստաթուղթ ստորագրվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Եվրախորհրդի նախագահի ներկայությամբ, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, իրենց ոչ ոք չտեղեկացրեց այդ մասին։

«Պուտինը հաջորդ հանդիպմանը Փաշինյանին ասել է, որ իրեն զարմացրել է նման որոշումը։ Բացատրություններ չեղան, քանի որ Փաշինյանը մեզ միշտ խնդրում էր չմոռանալ, որ վերջին երեք տարիների ջանքերին զուգահեռ պետք է ինչ-որ կերպ լուծել ԼՂ կարգավիճակի հարցը, և մենք հենց դրանով էլ զբաղվում էինք»,-ասել է Լավրովը։

Բայց երբ Փաշինյանը ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս, կարգավիճակի հարցը վերացավ։

--00—ՅՄ